Շվեյցարիան նպաստում է եվրոգոտու ապակայունացմանը

Շվեյցարիայի կենտրոնական բանկի արժութային ինտերվենցիաները ապակայունացնում են իրավիճակը Եվրոպայի պետական փոխառությունների շուկայում: Այսպիսի եզրակացություն է պարունակում Standard&Poor’s միջազգային վարկանշային գործակալության ուսումնասիրությունը: Ըստ գործակալության փորձագետների՝ Շվեյցարիայի Ազգային բանկը եվրոգոտու խոշոր տնտեսությունների պետպարտատոմսերի ձեռքբերմանն ուղղել է €80 մլրդ, ինչը նպաստել է արժութային միության հուսալի և խնդրահարույց երկրների պարտատոմսերի եկամտաբերության միջև սփրեդի աճին:

Գործակալությունում վստահ են, որ ազգային արժույթի արժևորման դեմ Շվեյցարիայի կենտրոնական բանկի պայքարը, որն արտահայտվում է ֆրանկի վաճառքներով ու այլ պետությունների պարտատոմսերի ակտիվ ձեռքբերմամբ, ապակայունացնում է պարտատոմսերի եվրոպական շուկան՝ լրացուցիչ անհանգստության պատճառ դառնալով ներդրողների համար։

Այսպես, 2012թ. հունվար-հուլիսին Շվեյցարիայի Կենտրոնական բանկը Գերմանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի և Ֆինլանդիայի պետպարտատոմսերի ձեռքբերման վրա ծախսել է €80 մլրդ, ինչն այս երկրների փոխառու միջոցների նկատմամբ 2012թ. պահանջարկի 48%-ն է: Համեմատության համար՝ 2011-ին ցուցանիշը 9% էր։

S&P-ի փորձագետների կարծիքով՝ նման ակտիվ գնումները եվրոգոտու ամենահուսալի տնտեսությունների պարտատոմսերի եկամտաբերության նվազման պատճառ են դարձել, ինչի հետևանքով մեծացել է այս և խնդրահարույց երկրների պարտատոմսերի եկամտաբերության միջև սփրեդը: Չնայած գործակալության կողմից 2012թ. հունվարին Ֆրանսիայի և Ավստրիայի վարկանիշների իջեցմանը՝ այս երկրների տասնամյա պարտատոմսերի եկամտաբերությունը վերջին շրջանում միայն նվազել է: Այսպես, 2012թ. առաջին յոթ ամիսներին Ֆրանսիայի պարտատոմսերի եկամտաբերությունը 3,08%-ից նվազել է մինչև 2%, ավստրիականինը՝ 3,07%-ից մինչև 2,12%:

Ուշագրավ է, որ Շվեյցարիայի կենտրոնական բանկը մինչ այս կենտրոնացած էր Գերմանիայի պետպարտատոմսերի շուկայում։ Սակայն բանկի ղեկավարությունը շատ արագ գիտակցեց, որ նման ներդրումները ոչ միայն աղետալի են շուկայում բալանսի պահպանման տեսանկյունից, այլև խոչընդոտում են կարգավորչի հիմնական խնդրին՝ ազգային արժույթի արժեզրկմանը։

Մեծ ծավալով գնումների միջոցով Շվեյցարիայի ազգային բանկը կարողացել է նվազեցնել Գերմանիայի պարտատոմսերի առանց այդ էլ ոչ բարձր եկամտաբերությունը, որոնք էտալոնային են եվրոպական մյուս պարտատոմսերի համար։ Սփրեդի աճը, իր հերթին, ազդել է ներդրողների տրամադրությունների վրա, որոնք շարունակել են դուրս բերել միջոցները Շվեցարիայից և նպաստել ֆրանկի հետագա արժևորմանը։ Սա էլ կենտրոնական բանկին ստիպել է հերթական ինտեվենցիան իրականացնել։ Արատավոր այս շրջանից դուրս գալու միակ ճանապարհը գերմանական պարտատոմսերն ավելի բարձր հուսալիության արժեթղթերով փոխարինելն է։

Առավել հավանական տարբերակն առայժմ ֆրանսիական պարտատոմսերն են։

Մեկնաբանել