Քրգործ` Ազգային գրադարանի նորոգման աշխատանքների չարաշահումների դեպքի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնական և առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ, հաղորդում է Գլխավոր դատախազության կայքը:

Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ 2005թ., այնուհետև` 2008-2010 թթ. ընթացքում կազմված, ապա լրամշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա իրականացվող աշխատանքները նախ կազմել են 305 մլն դրամ, ապա` 709,6 մլն դրամ: Նախաքննության տվյալներով` գրադարանի հիմնանորոգման աշխատանքները կատարվել են քաղաքաշինական նորմերի խախտումներով: Բացի այդ` աշխատանքներն իրականացնող ՍՊ ընկերությունների կողմից կազմված կատարողական ու ավարտական ակտերում օգտագործված նյութերի և ապրանքների ծագումն ու բնութագիրը փոփոխելու, կատարված աշխատանքների ծավալները հավելագրելու միջոցով յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար: Իսկ համապատասխան պաշտոնատար անձինք ստորագրել են հավելագրումներով կազմված կատարողական ու ավարտական ակտերը և հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ և պատշաճ կատարված լինելու մասին տվել դրական եզրակացություններ:

Արդյունքում` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող, էական վնաս: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:

Մեկնաբանել