«Հայփոստն» ու Ռուսաստանի փոստը դրամական փոխանցումներ կկատարեն «Ֆորսաժ»-ով

Սեպտեմբերի 25-ին Մոսկվայում «Հայփոստի» և Ռուսաստանի փոստի միջև ստորագրվել է հուշագիր` «Ֆորսաժ» համակարգով երկու փոստային օպերատորների միջև դրամական արագ փոխանցումներ կատարելու

Ըստ հուշագրի` «Հայփոստը» ստանում է «Ֆորսաժ» համակարգով փոխանցումների բացառիկ իրավունք ՀՀ տարածքում, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի փոստի 40 հազ. բաժանմունքներից յուրաքանչյուրից դրամական արագ փոխանցում կարելի է կատարել դեպի «Հայփոստի» 900 բաժանմունքներից յուրաքանչյուրը և հակառակ ուղղությամբ:

Վերջերս «Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մի շարք հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի փոստի ղեկավարության հետ, որտեղ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության առաջիկա խորացման, գործակցության որակական նոր փուլի անցման շուրջ: Նախատեսվում է ակտիվացնել արդեն գործող մեխանիզմները երկու երկրների փոստային օպերատորների միջև, որի արդյունքում դրամական փոխանցումները, ծանրոցները, նամակները և փոստային մյուս առաքանիներն ու ծառայությունները ավելի արագ և օպերատիվ կհասնեն հասցեատիրոջը:

Հայաստանի և Ռուսաստանի փոստային օպերատորներն առաջիկայում քայլեր կձեռնարկեն հեռահար առևտրի զարգացման ուղղությամբ: Դրա համար նախատեսվում է Ռուսաստանի և Հայաստանի փոստային օպերատորների կատալոգներում ապրանքների փոխադարձ ներկայացումը և վաճառքը: Ծրագրվում է ավելացնել EMS փոխանցումների ծավալը` ի հաշիվ կորպորատիվ հաճախորդների համար հատուկ ծրագրերի: