Աճուրդի են դրվել Գեբելսի սիրային նամակներն ու վեպերը

Alexander Historical Auctions ամերիկյան աճուրդի տունը վաճառքի է դրել Յոզեֆ Գեբելսի պոեմները, սիրային նամակներն ու վեպերը, որոնք նա գրել է մինչև Գերմանիայի ժողովրդական լուսավորության և քարոզչության նախարարի պաշտոնը զբաղեցնելը:

«Արխիվն ընդգրկում է Երրորդ ռեյխի թիվ երկու մարդու կայացման շրջանը: Իմ կարծիքով՝ այս նյութերը ցույց են տալիս, թե ինչպես է այս համեստ, ամաչկոտ և սիրալիր մարդը դարձել ծայրահեղական հայացքների հետևորդ», – լրագրողներին ասել է աճուրդի տան տնօրեն Բիլ Պանագոպուլոսը:

Յոզեֆ Գեբելսի աշխատությունների հավաքածուն լավ է պահպանվել: Այն ներառում է պոեմներ, ակնարկներ, հակակապիտալիստական դրամաներ, վեպեր: Հավաքածուի արժեքը տատանվում է 200-300 հազ. դոլարի սահմաններում:

Ուշագրավ է, որ իր ստեղծագործություններում Գեբելսը դրսևորել է աշխարհի նուրբ ընկալում և վրդովմունք անարդարության հանդեպ, ինչը սակայն կարճ ժամանակում փոխարինվել է խիստ և ծայրահեղական հայացքներով: