Սաֆարովի խայտառակ գործարքը լրջորեն վնասեց ԼՂ կարգավորման գործընթացին. Է. Նալբանդյան

Սեպտեմբերի 24-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես է եկել Լոս-Անջելեսի «Համաշխարհային հիմնախնդիրների խորհուրդ» քաղաքագիտական կենտրոնում, հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից: Հանդիպումը վարել է կենտրոնի նախագահ Թերի Մըկքարտին:

Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանն հիմնական ուղղություններին, հայ-ամերիկյան հարաբերություններին և Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին:

«Հայաստանը վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն: Արևելքի և արևմուտքի, հյուսիսի և հարավի երկրների հետ մեր հարաբերությունների խորացումն ու համագործակցության ոլորտների բազմազանեցումը մեր արտաքին քաղաքականության կարևոր նպատակներից են։ Մեր գործընկերների հետ հարաբերությունները կառուցելիս և զարգացնելիս մենք առաջնորդվում ենք այնպիսի սկզբունքներով, ինչպիսիք են փոխադարձությունը, վստահությունը, բարի կամքը, փոխադարձ շահերի հարգանքը։ Այս սկզբունքներն են Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների, Միացյալ Նահանգների հետ մեր սերտ բարեկամական գործընկերության, Եվրոպական Միության հետ մեր ակտիվ փոխգործակցության, ինչպես նաև բազմաթիվ գործընկեր երկրների հետ առկա ամուր հարաբերությունների հիմքում»,- ասել է Նալբանդյանը:

Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին նախարարն ասել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյա տարեդարձը ավելի լայն հեռանկարներ կբացի երկկողմ հարաբերությունների համար:

Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի առկա իրավիճակը` նշելով, որ Հայաստանը կիսում է միջազգային հանրության դիրքորոշումը, որ հիմնախնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով։

«Ադրբեջանը շարունակ վտանգում է տարածաշրջանային կայունությունը, ուժ կիրառելու իր սպառնալիքներով, ռազմատենչ հայտարարություններով, ռազմական բյուջեի բազմակի ավելացմամբ, շփման գծում սադրանքներով, հրադադարի խախտումներով, հայկական պատմական և մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի սիստեմատիկ դրսևորումներով, Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և ընդհանրապես հայերի նկատմամբ ատելություն քարոզելով:

Չնայած եռանախագահների՝ վերջին չորս տարիների գործադրած ջանքերին՝ 15 հանդիպում ամենաբարձր մակարդակով, տասնյակ նախարարական հանդիպումներ, համանախագահների մի քանի տասնյակ այցելություններ տարածաշրջան և բանակցություններում որոշակի առաջընթացի արձանագրում, անհնար է եղել բեկում արձանագրել հիմնախնդրի կարգավորման գործում, քանի որ ադրբեջանական կողմը մեկը մյուսի հետևից մերժել է միջնորդների կողմից ներկայացված բոլոր առաջարկությունները։

Ադրբեջանն ոչ միայն արհամարհում է միջազգային հանրության հորդորները, այլև մշտապես նոր քայլեր ձեռնարկում, որոնք կոպտորեն ոտնահարում են քաղաքակիրթ աշխարհի արժեքները։

Նման վերջին դրսևորումն էր Ադրբեջանի կողմից մարդասպան Սաֆարովին ազատ արձակելն ու հերոսացնելը, որը շոկ առաջացրեց միջազգային հանրության մոտ։
Չկա ոչ մի միջազգային կազմակեպություն, ոչ մի պետություն, որի համար ընկալելի լինի Ադրբեջանի արարքը։ Միջազգային հանրության արձագանքը այս խայտառակ քայլին միաձայն էր և միանշանակ՝ Բաքվի կողմից կատարածի խիստ դատապարտում:

Պակաս շոկային չեն միջազգային հանրության մոտեցման վերաբերյալ Ադրբեջանից հնչող արձագանքները. Բաքուն պնդում է, որ ինչ որ արել է ճիշտ է արել:

Սաֆարովի խայտառակ գործարքը լուրջ վնաս հասցրեց Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման ջանքերին։ Սա ևս մի քայլ է Ադրբեջանի կողմից՝ ձախողելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ Չնայած Ադրբեջանի ապակառուցողական քայլերին, Հայաստանը կշարունակի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերը՝ բացառապես խաղաղ միջոցներով՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված նպատակների, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա»,- ընդգծել է Նալբանդյանը:

Մեկնաբանել