Իսպանացիներին չի հաջողվել «գրավել խորհրդարանը»

Մադրիդում ոստիկանությունը մահակներ և ռետինե փամփուշտներ է կիրառել՝ խիստ խնայողության կառավարական միջոցառումների հակառակորդների զանգվածային ցույցը ցրելու համար։ Ամբոխը փորձել է գրոհով վերցնել խորհրդարանը, սակայն ոստիկանները դա թույլ չեն տվել, հաղորդում է Euronews-ը։

«Գրավի՛ր խորհրդարանը» ակցիան կազմակերպել էին «Վրդովվածները» բողոքի շարժման անդամ մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ։ Ակցիայի մասնակիցները դեմ են խիստ խնայողության միջոցառումներին, որոնց օգնությամբ Մարիանո Ռախոյի պահպանողական կառավարությունը փորձում է փրկել Իսպանիայի տնտեսությունը։ Հինգշաբթի կաբինետը պետք է հայտարարի նոր խստացումների մասին։ Սա բողոքի ալիք է առաջացրել Իսպանիայի հասարակությունում, որտեղ գործազրկությունն արդեն մոտենում է 25%-ի։ «Ժողովրդավարությունը զավթվել է։ Սեպտեմբերի 25-ին մենք պատրաստվում ենք փրկել այն»,- ասված է եղել Coordinadora #25S խմբի հատուկ կոչում։ Հենց այս խումբն է կազմակերպել նահանգներից ակտիվիստների ժամանումը մայրաքաղաք։

Կազամակերպիչները վստահեցրել են, որ խոսքը բողոքի խաղաղ արտահայտման մասին է։ «Դա լինելու է խաղաղ ակցիա,- նախօրեին ասել էին նրանք լրագրողներին։ – Մենք չենք պատրաստվում խոչընդոտել խորհրդարանի անդամների մուտքը շենք»։ Զգուշությունն ավելորդ չէ, քանի որ Իսպանիայի օրենքներով՝ մարդը, որը գլխավորում է ցույցը խորհրդարանի պատերի մոտ և խանգարում է նրա բնականոն աշխատանքին, կարող է դատապարտվել մեկ տարվա ազատազրկման։

Այդուհանդերձ, իշխանությունները որոշել են խստացնել կառավարության և խորհրդարանի շենքերի հսկողությունը, քանի որ նախկինում այդպիսի ցույցերն ավարտվել են ոստիկանների հետ բախումներով։ Միայն խորհրդարանի հսկողության ուժեղացման համար ներգրավվել է մոտ 1,3 հազ․ ոստիկան։ «Ոստիկանները թույլ չեն տա խախտել երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի բնականոն աշխատանքը»,- հայտարարել էր կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստինա Սիֆուենտեսը։

Սկզբում ամեն ինչ իսկապես համեմատաբար խաղաղ է թվացել։ Սակայն երեկոյին մոտ առավել ագրեսիվ ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք։ Ականատեսները վստահեցնում են, որ դա հրահրել են հենց ոստիկանները, երբ փորձել են ձերբակալել ակցիայի կազմկոմիտեի ներկայացուցիչներին։ Սկսված կռվի ընթացքում ոստիկանները սկսել են ցուցարարների դեմ կիրառել մահակներ, ապա՝ ռետինե փամփուշտներ։ Արդյունքում ամբոխին ցրել են։ Վնասվածքներ է ստացել ավելի քան 60 մարդ, իսկ 20 ցուցարար ձերբակալվել է։

Մեկնաբանել