Հայաստանի ԱԳՆ-ն ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է ՀՀ-ում Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ-ի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում։

«Մենք ողջունում ենք Հայաստանում Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը և այն դիտարկում որպես կարևոր ներդրում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ու խաղաղության ամրապնդման գործում առաքելության դերի մեջ»,- նշել են ԱԳՆ-ից:

Եվրոպական խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովի հուլիսի 18-ի որոշման մեջ ասված էր, որ հավանություն է տրվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն աջակցելու Կանադայի առաջարկին․ «Կանադայի ներդրումը Հայաստանում Եվրոպական միության առաքելությանը ընդունված և նշանակալի է համարվում»,- ասված է որոշման մեջ։

Հունվարի 23-ին Եվրամիության նախարարների խորհուրդում համաձայնություն էր ձեռք բերվել Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Առաքելությունը մեկնարկել է փետրվարի 20-ին։ ԵՄ առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունություն ապահովելն է և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին նպաստող միջավայր ստեղծելը։ Առաքելությունը, որի կազմում ընդգրկված է 100 դիտորդ, նախնական լինելու է երկու տարի ժամկետով։

Մեկնաբանել