Խաղատների տեղափոխումը Երևանից հետաձգվում է ևս մեկ տարով

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում խաղասրահների և խաղատների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին հանձնարարել է մշակել օրենքի նախագիծ, որով մեկ տարով կհետաձգվի «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի կիրառումը: Այն նախատեսում է 2013թ. հունվարի 1-ից խաղատուն կամ շահումով խաղ կազմակերպել Ծաղկաձոր, Ջերմուկ և Սևան համայնքների վարչական սահմաններում, իսկ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 մլրդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում՝ Երևանից դուրս գտնվող ՀՀ կառավարության սահմանած վայրերում:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, ավելի վաղ խաղասրահների ղեկավարները նամակով դիմել էին հանրապետության վարչապետին և իրենց մտահոգությունները հայտնել մի քանի տարի առաջ ընդունված այս օրենքի վերաբերյալ: Նրանց խոսքով` եթե Ծաղկաձորից, Ջերմուկից և Սևանից բացի Երևանին ավելի մոտ 40 մլրդ դրամից ավելի գումարով խաղատուն կառուցվի, ապա կձևավորվի մասնավոր մենաշնորհ:

Խորհրդակցության մասնակիցների կարծիքով՝ այդ պարագայում մենաշնորհի ձևավորման հավանականությունը մեծ է, մանավանդ որ նման խաղատան գործարկումը նախատեսվում է 2013թ.: Տնտեսավարողների կարծիքով՝ դա կվնասի ոլորտում գործող փոքր և միջին բիզնեսին և կնպաստի մենաշնորհային դրսևորումներին, մասնավորապես Երևանին մոտ խաղատան մենաշնորհի ձևավորմանը: Նրանք նշել են, որ իրենց գործունեությանը զգալի վնաս է հասցրել նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ինչի հետևանքով նվազել են ներդրումների ծավալները: Ոլորտի ներկայացուցիչները չեն կարողացել իրականացնել համապատասխան օրենքի պահանջը՝ ճգնաժամի պայմաններում ներդրումների համար ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

Խաղասրահների և խաղատների ներկայացուցիչները, հաշվի առնելով միջազգային փորձը, հանդես են եկել ոլորտը կանոնակարգող իրենց առաջարկություններով, այդ թվում բնագավառում գործունեություն ծավալող ընկերությունների նկատմամբ վերահսկողության բարձրացման և խիստ կանոնների ներդրման վերաբերյալ:
Խորհրդակցության մասնակիցները խնդրել են կառավարությանը գտնել իրենց մտահոգող հարցերի լուծումները՝ հաշվի առնելով առկա մտահոգությունները:

«Ես ինձ չեմ համարում ձեր ոլորտի ծառայություններից օգտվողների համախոհը, այսինքն` կարծում եմ, որ հայ մարդու կերպարին խաղամոլությունը հարիր չէ: Բայց ես ձեր փաստարկներն ընդունում եմ: Մենք պետք է ձևավորենք ոլորտի գործունեությունը կարգավորող այնպիսի դաշտ, որտեղ հաշվի կառնվեն փոքր և միջին բիզնեսի շահերը, կներդրվեն խաղասրահների գործունեության վերահսկողական խիստ կանոններ, որպեսզի մենք հասարակությանը կարողանանք զերծ պահել ավելորդ ռիսկերից»,– ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով` ինքը դեմ է մենաշնորհի ձևավորմանը ցանկացած ոլորտում: Հատկանաշական է, որ իշխանավորները, իրենց հերթին, պատճառաբանում են, որ Սևան, Ծաղկաձոր և Ջերմուկ քաղաքներում խաղատնային բիզնեսի կազմակերպումը կնպաստի դրանցում զբոսաշրջության զարգացմանը:

Մեկնաբանել