Հայաստան կայցելի ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն

Սեպտեմբերի 27-ին մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով  հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես հաղորդում են Հայաստանում ԵՄ ներկայացուցչության լրատվական ծառայությունից, Ֆյուլեի այցի նպատակն է վերահաստատել Հայաստանի` ԵՄ-ի համար կարևոր գործընկերոջ կարգավիճակը, գնահատել Հայաստանի ջանքերը` ԵՄ-ի հետ հարաբերությունները հետագայում ամրապնդելու ուղղությամբ, խրախուսել հետագա բարեփոխումների ջանքերը երկրում և ֆինանսական երկու համաձայնագիր ստորագրել:

Այցի ընթացքում նախատեսված է եվրահանձնակատարի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԱԺ-ի եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի և ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Իր հանդիպումների ընթացքում հանձնակատար Ֆյուլեն կրկին կընդգծի ԵՄ-ի օգնությամբ Հայաստանի կողմից կատարվող բարեփոխումների անհրաժեշտությունը: Ակնկալվում է, որ եվրահանձնակատարի այցի ընթացքում կստորագրվեն €43,1 մլն-ի ֆինանսական համաձայնագրեր` նախապատրաստելու ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի կյանքի կոչումը: