Դուման կքննարկի հավատացյալների զգացմունքները

Ռուսաստանի Պետդումա է մտցվել օրինագիծ, որը մինչև հինգ տարվա ազատազրկում է սահմանում հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելու համար, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Բացի այդ՝ առաջարկվում է 100 անգամ մեծացնել կրոնական զգացմունքները վիրավորելու և սրբապղծության համար տուգանքները, տեղեկացրել է Դումայի՝ հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների հարցերով կոմիտեի ղեկավար, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Յարոսլավ Նիլովը։

Օրինագիծը նախատեսում է, որ այդպիսի քրեական գործերի նախնական հետաքննությունն իրականացնելու են ներքին գործերի մարմինների քննիչները։

Նախօրեին պատգամավորները քննարկել են Դումայի բոլոր խմբակցությունների՝ հավատացյալների կրոնական զգացմունքների պաշտպանության մասին համատեղ հայտարարությունը։

Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ «պատգամավորները քննադատում են և՛ վայրագությունը, և՛ կրոնական ծայրահեղականությունը, և՛ խուլիգանությունը Ռուս ուղղափառ եկեղեցու և կրոնական այլ կազմակերպությունների նկատմամբ»։