Վերաքննիչն էլ լսեց Սիվիլիթասի բողոքը

Սեպտեմբերի 26-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում լսվեց Սիվիլիթաս հիմնադրամի բողոքը, որով պահանջվում է վերացնել Ազգային անվտանգության  ծառայության կողմից 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը, որն առնչվում է հիմնադրամին:

ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանն իր մեղադրական ճառում շեշտադրեց, որ հիմնադրամը պետք է իր գոհունակությունը հայտնի, որ իր շահերը փորձում են պաշտպանել, և իրենց համար անհասկանալի է, թե որն է պատճառը, որ հիմնադրամը չի աջակցում իրենց փողերի «ստացման» գործը պարզելու հարցում:

Դատախազ Հովսեփ Սարգսյանն էլ անհասկանալի համարեց առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկումը, քանի որ, ըստ նրա, այդտեղ երրորդ կողմի իրավունքներ չեն խախտվել: Հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարանը, սակայն, նշեց, որ հիմնադրամի անունը փողերի լվացման հետ կապելն արդեն իսկ արատավորում է նրա բարի համբավը: Հիմնադրամի փաստաբան Արթուր Գրիգորյանը հավելեց, որ երրորդ կողմի իրավունքների խախտումը հենց բարի համբավի արատավորումն է:

Այստեղ նա մեջբերեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախադեպային իրավունքից մի որոշում` «Սիմոնսն ընդդեմ Պանամայի», որում կոմիտեն ձևակերպում էր տվել, թե ընթացիկ դատավարությունը ևս կարող է իրավաբանական անձի հեղինակությանը վնասել:

Դատական նիստի ընթացքում դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը հարց ուղղեց Սալբի Ղազարյանին, թե ինչու հիմնադրամը շահագրգռված չէ փողեր ստանալու հարցը պարզելու գործում, ինչին ի պատասխան` Սալբի Ղազարյանը նշեց, որ իրենց ուղղված հարցերը, ինչպես նաև ԱԱԾ քննիչի ներկայացրած դիտարկումները որևէ կապ չունեն այն հիմքերի հետ, որոնց վրա հարուցվել է քրեական գործը:

Հիմնադրամի տնօրենը տարակուսանք հայտնեց, թե ինչու է կառավարությունը միջամտում երկու կողմերի իրավահարաբերություններին, երբ կողմերից որևէ մեկը դժգոհություն չի հայտնում:

Բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10:45-ին: