ԿԽՄԿ-ն ահազանգում է՝ ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել ԼՂ Լաչինի միջանցքով կամ Աղդամով

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարություն է տարածել՝ նշելով, որ չնայած համառ ջանքերին, ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով, ներառյալ Աղդամը: Կազմակերպությունը կոչ է անում համապատասխան որոշում կայացնողներին թույլ տալ ԿԽՄԿ-ին վերսկսել իր էական մարդասիրական գործունեությունը տարածքում:

«Տասնյակ հազարավոր մարդիկ ապավինում են այս ուղիներով իրենց հասնող մարդասիրական օգնությանը: Քաղաքացիական բնակչությունն այժմ բախվում է կյանք փրկող դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության պարագաների բացակայության խնդրին։ Մրգերը, բանջարեղենը և հացը գնալով սակավ և թանկ են դառնում, իսկ որոշ այլ պարենային ապրանքներ, ինչպիսիք են կաթնամթերքը, արևածաղկի ձեթը, հացահատիկը, ձուկը և հավը առկա չեն: Վերջին անգամ ԿԽՄԿ-ին թույլատրվել է բժշկական պարագաներ և առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ բերել տարածք մի քանի շաբաթ առաջ»,- ասված է հաղորդագրությունում։

ԿԽՄԿ-ի Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Արիանե Բաուերը նշել է, որ Կարմիր խաչի մարդասիրական օգնության ավտոշարասյունները փրկօղակ են ԼՂ բնակչության համար: Նա մտահոգություն է հայտնել, որ ավտոշարասյունների արգելափակման հետևանքով հումանիտար իրավիճակն էլ ավելի կվատթարանա․ «Որպեսզի մենք այստեղ գործենք, անհրաժեշտ է, որ կողմերը հասնեն մարդասիրական կոնսենսուսի։ Սա կյանքեր փրկող աշխատանք է, և պետք է թույլ տալ, որ այն շարունակվի»,- ասել է նա։

***

2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջին կից, հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։

Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։ Հունիսի 25-ից վերականգնվել է միայն բուժառուների տեղափոխումը Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 14-ին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հայերին անհրաժեշտ ապրանքներ մատակարարելու համար հնարավոր է օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը։

Հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարևորել էր «Աղդամից հումանիտար մատակարարումները»․ «Ես ընդգծեցի Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը։ Ես նաև արձանագրեցի Ադրբեջանի՝ Աղդամի տարածքով հավասարապես մարդասիրական մատակարարումներ իրականացնելու պատրաստակամությունը։ Երկու տարբերակներն էլ կարևոր եմ համարում և խրախուսում եմ երկու կողմերից մարդասիրական մատակարարումները՝ բնակչության կարիքները բավարարելու համար»։

Մեկնաբանել