Աշխարհի բնակչության 81%-ը կընտրեր Օբամային․ հարցում

Եթե աշխարհի բնակիչներն ունենային ԱՄՆ-ի՝ նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում քվեարկելու իրավունք, ապա ներկայիս ընտրարշավում անխոս կհաղթեր գործող նախագահ, Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբաման։ Նրա օգտին պատրաստ է քվեարկել Gallup International/WIN անկախ հետազոտական գործակալությունների ասոցիացիայի մասնագետների կողմից հարցվածների 81%-ը։ Ընտրություններից երկու ամիս առաջ իրականացված զանգվածային հետազոտությանը մասնակցել է 30 երկրի 26 հազ․ բնակիչ։ Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնիի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 19%-ը։

Դատելով հետազոտության արդյունքներից՝ Օբամային ամենից շատը համակրում են Իսլանդիայում (հարցվածների 98%-ը), Նիդեռլանդներում, Պորտուգալիայում և Գերմանիայում (97-ական տոկոս), ինչպես նաև Իռլանդիայում և Դանիայում (96-ական տոկոս)։

Միակ երկիրը, որում բնակչության մեծ մասը նախապատվությունը տալիս է Ռոմնիին, Իսրայելն է․ այստեղ հանրապետականի օգտին պատրաստ է քվեարկել բնակչության 65%-ը։ Ռոմնիին համակրողների թվով երկրորդ տեղում Պակիստանն է (41%), երրորդում՝ Վրաստանը (36%)։

Հարցվածներն իրենց ընտրությունը հիմնավորում են տարբեր պատճառներով․ նրանց 23%-ը կարծում է, որ ԱՄՆ-ի նոր նախագահի թեկնածությունը կանդրադառնա իրենց երկրների ազգային շահերի վրա, 30%-ը իր ընտրությունը կատարում է՝ կողմնորոշվելով թեկնածուների գլոբալ տնտեսական և քաղաքական հայացքներով, իսկ 41%-ը գնահատում է անձնական որակներն ու թեկնածուների կոմպետենտությունը ԱՄՆ-ի նախագահի աթոռի համար։

Ամերիկյան ընտրությունների ազդեցությունը սեփական երկրի վրա ամենից շատը զգում են կանադացիներն ու իսրայելցիները (88-ական տոկոս), ճապոնացիները (84%), Բրազիլիայի և Հարավային Կորեայի բնակիչները (80-ական տոկոս)։ Ամերիկյան ընտրություններն ամենաքիչը հետաքրքրում են Իսլանդիայի, Ֆինլանդիայի և Ռումինիայի քաղաքացիներին (28%, 29%, 30% համապատասխանաբար)։

Ընդ որում՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել հարցվածների մեծ մասը միայն երեք երկրում՝ Քենիայում (64%), Չինաստանում (58%) և Հնդկաստանում (53%)։

Մեկնաբանել