«Բոլորը դատապարտում են, բայց ոչ ոք ոչինչ չի անում»․ Սերժ Թանկյանի բաց նամակը՝ Արցախի վերաբերյալ

Ռոք երաժիշտ, քաղաքացիական ակտիվիստ Սերժ Թանկյանը բաց նամակ է հղել՝ հորդորելով շտապ միջամտություն ցուցաբերել Արցախում ստեղծված իրավիճակին։ «Լեռնային Ղարաբաղի բնակիչները ապավինում են ռուս խաղապահների և Կարմիր խաչի մարդասիրական օգնությանը»,- ամերիկյան երաժշտական Spin ամսագրին տված հարցազրույցում ասել է Սերժ Թանկյանը։

«Ադրբեջանցի զինվորները արգելափակել են օգնության մեքենաների մուտքն ու ելքը, և հումանիտար ճգնաժամը խորանում է։ Խանութներում վերջանում են անհրաժեշտ սննդամթերքն ու պարագաները։ Հիվանդանոցներում դեղամիջոցների և բժշկական պարագաների սուր պակաս կա։ Փետրվարին ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել ճանապարհով ազատ տեղաշարժը։ Ադրբեջանը շարունակում է անտեսել այս որոշումը»,- նշել է երաժիշտը։

Թանկյանը նախկինում ևս իր հարթակն օգտագործել է երկրի համար կարևոր հարցեր քննարկելու համար, նշում է պարբերականը։

«ԱՄՆ-ն, ԵՄ-ն՝ բոլորը աջակցում են ճանապարհի ապաշրջափակմանը, բայց սրանք միայն խոսակցություններ են,- ամսագրի հետ զրույցում ասել է Թանկյանը։ – Մինչ մարդիկ սովամահ են լինում, բռնապետական ռեժիմից անօրինական շրջափակման դադարեցում պահանջելը չի օգնելու, որ մարդիկ ողջ մնան։ Սրանք ուղղակի բառեր են, ու ոչ մի գործողություն։ Բոլորը դատապարտում են, բայց ոչ ոք ոչինչ չի անում։ Օրինակ, ԱՄՆ ՄԶԳ-ն Ադրբեջանին կարող է ասել, որ օդային օգնություն է մատակարարելու։ Կազմակերպությունը Հայաստանում գրասենյակ ունի։ Մենք փորձել ենք կապվել ԱՄՆՄԶԳ-ի ղեկավար Սամանտա Փաուերի հետ խնդրի վրա նրա ուշադրությունը գրավելու նպատակով։ Նա տեղյակ է խնդրին, քանի որ անդրադարձել է դրան թվիթերյան իր էջում»։

«Մարդկանց մեծ մասն ամեն օր մամուլում կարդում է Ուկրաինայի մասին, բայց չգիտի անգամ, որ այստեղ նման բան է կատարվում,- հայտարարել է Թանկյանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված վիճակի մասին։ – Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թվիթերում գովաբանում է Ադրբեջանին և դրա կոռումպացված ու ֆաշիստ բռնապետ Իլհամ Ալիևին Ուկրաինային անհրաժեշտ էներգապաշարներ մատակարարելու համար։ Այդ նույն բռնապետ առաջնորդը խեղդամահ է անում այս մարդկանց Հայաստանում և ներխուժել է մեր՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված տարածքներ։ Նրա զինվորները չեն պատրաստվում նահանջել։ Մենք՝ որպես միջազգային հանրություն, կեղծավոր վարք ենք դրսևորում։ Չի կարելի մի երկիրը զոհել հանուն մյուսի։ Սա պարզապես ճիշտ չէ»։

Նամակը ստորագրել են արվեստի մի շարք գործիչներ, ինչպիսիք են՝ Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Թոմ Մորելլոն, Ռոզա Լինը, Սեբու Սիմոնյանը, Ալիա Շավքաթը, Սթյուարդ Քոփլենդը, Ալեն Հյուզը, Հերիեթ Ուոլթերը, Փիթեր Գեբրիելը, Սեփիդե Մոաֆին, Ռոջեր Ուոթերսը, Էրիկ Բոգոսյանը և Նիկոլաս Ջաարը։

Պատրաստեց Հասմիկ Հովհաննիսյանը

Մեկնաբանել