Կարևորագույն խնդիրը միջին խավի ձևավորումն է. Տիգրան Սարգսյան

Քաղաքացիական հասարակության հիմքը միջին խավն է, մարդիկ, որոնք իրենց տնտեսական գործունեությամբ են պայմանավորում իրենց ապագան և բարեկեցությունը: Այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Քերըն Հիլըրդիի հետ հանդիպման ընթացքում:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը կարևորել է երկկողմ համագործակցությունը և բարիդրացիական հարաբերությունները գործակալության հետ: «Մեր պարտքն ենք համարում ջանքեր գործադրել, որպեսզի այդ հարաբերություններն ընդլայնվեն և խորանան, քանի որ դա բխում է մեր ժողովրդի շահերից»,- ասել է Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ Հայաստանի իշխանությունների կարևորագույն խնդիրներից է միջին խավի ձևավորումը, քաղաքացիական հասարակության կայացումը:

Վարչապետը կոչ է արել Քերըն Հիլըրդիին ԱՄՆ ՄԶԳ բոլոր ծրագրերն ուղղել այս նպատակին, առարկայորեն նպաստել նաև փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարը բարձր է գնահատել կառավարության ղեկավարի դիտարկումները և հավաստիացրել, որ իրենց ծրագրերը միտված են հենց այդ նպատակներին: Քերըն Հիլըրդին վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ արդյունավետորեն:  Վերջինս նշել է նաև, որ իրենց ուշադրության կենտրոնում է լինելու մրցունա­կու­թյան աճին, ժողովրդավարական հաստատությունների ամրա­պնդ­մանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը, պետական կառա­վար­ման արդյունավետության բարձրաց­մանը, առողջապահական ոլորտի և սոցիալական ծառա­յու­թյուն­ների որակի բարելավմանը միտված ծրագրերի իրագործումը: