Եթե չեք ուզում պատասխանատվություն վերցնել, հրաժարական տվեք․ Օսկանյանը՝ Փաշինյանին

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հուլիսի 27-ին Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում կրկին խոսում է հայ-ադրբեջանական ներկա բանակցային գործընթացի այլընտրանքի մասին։

«Առանց պատերազմ հրահրելու գոյություն ունի լրջագույն այլընտրանք այն ամենին, ինչը կատարվում է այսօր Հայաստանի իշխանությունների կողմից։ Հակառակը, այն ինչ արվում է, կարող է բերել պատերազմի։ Դա անիրատեսական է (խաղաղության պայմանագրի կնքումը – խմբ․)։ Այն լուծումը, որն այսօր սեղանին է, պարզապես անիրատեսական է։ Դրանով Արցախը լուծարվում է Ադրբեջանի մեջ, Հայաստանից տրվում են անկլավներ։ Հապճեպ լուծման գնալը նոր հակամարտության դուռ է բացելու, սա հարցի լուծում չէ»,- նշում է նա։

Օսկանյանը համոզված է, որ խորհրդային շրջանում Արցախի՝ ինքնավար մարզ լինելու հանգամանքն էապես կփոխի բանակցային տրամաբանությունը։

«Հայաստանի իշխանությունները պետք է փորձեն այս հարցը բերել օրակարգ։ Ադրբեջանն այդ մտքից սարսափում է, որովհետև դա Ադրբեջանին դնում է լրջագույն դիլեմայի առաջ։ Նա եթե ընդունի, որ դա մտնի օրակարգ, փաստորեն, Շուշիի և Հադրութի հարցերը ինքնաբերաբար գալիս են օրակարգ։ Ամբողջ տրամաբանությունը բանակցությունների փոխվելու է։ Իսկ եթե դեմ է լինում, նրա անկլավների պահանջն է հօդս ցնդում»,- նկատեց նախկին արտգործնախարարը։

Վարդան Օսկանյանը նորից պատասխանատվություն վերցնելու պատրաստակամություն հայտնեց՝ բանակցային օրակարգի տրամաբանությունը փոխելու համար։

«Եթե այդ հարցը օրակարգ բերելու օգնության կարիք ունեք, ասեք, օգնենք։ Եթե կարծում եք, որ ի վիճակի չեք, չեք կարող անել, դա էլ եմ առաջարկել՝ տվեք մեզ՝ դիվանագետների մի խմբի, ես պատրաստ եմ պատասխանատվություն վերցնել։ Իսկ եթե ընդհանրապես չեք ուզում դրա պատասխանատվությունը վերցնել, հրաժարական տվեք։ Այսօր Արցախի հարց է որոշվում, դա ավելի կարևոր հարց է, քան ձեր աթոռը»,- ասաց Օսկանյանը։

Մեկնաբանել