Պայթյուններ Հալեպի Գյուլբենկյան վարժարանի մոտ. զոհվել է նաև մեկ հայ

Հալեպի ազգային Գյուլբենկյան վարժարանի մոտ այսօր երկու ռումբ է պայթել. մարդիկ են զոհվել, այդ թվում` մեկ հայ. այս մասին տեղեկանում ենք արևմտահայերեն նորությունների «Եռագույն» կայքից:

Տեղեկությունը հաստատել է նաև Ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը` հաղորդելով մանրամասներ: Ըստ Ռեիսյանի` առաջին ռումբը պայթել է օդում՝ առանց վնաս հասցնելու, երկրորդ պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել: Զոհվածներից մեկը քրիստոնյա արաբ է, մյուսը դերզորցի հայազգի Վարդան Մութաֆյանն է, ով առավել ապահով ապաստան գտնելու հույսով էր եկել Հալեպ:

Ռեիսյանը դժվարացել է ստույգ տեղեկություններ հաղորդել պայթյունների արդյունքում վիրավորվածների վերաբերյալ: «Պայթյունի պահին խոսում էին չորս վիրավորի մասին, որոնց մեջ, ենթադրվում էր, որ հայ չկա, բայց վիրավորների ազգային պատկանելությունները դեռ ստույգ չեն. այլ լրատվամիջոցներ էլ հաղորդում են տաս վիրավորի մասին»,- ասել է Ռեիսյանը:

Մեկնաբանել