Ումից և ինչ գնով են ձեռք բերվել երկրորդային շուկայից բնակարանները. Արցախի կադաստրը չի հայտնում 

Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն երկրորդային շուկայից ձեռք բերված բնակարանների առուվաճառքի պայմանագրերի պատճենները չի տրամադրում ՍիվիլՆեթին։

Ըստ գերատեսչության՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերի՝ նման տեղեկությունները համարվում են ֆիզիկական անձանց անձնական և ընտանեկան, ինչպես նաև իրավաբանական անձանց առևտրային գաղտնիք, որոնց տրամադրումը կարող է իրականացվել միայն գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող կամ ունեցած անձանց գրավոր համաձայնության դեպքում։ Թեև մենք հարցման մեջ նշել էինք, որ անձնական տվյալները կարող են քողարկվել տեղեկատվության տնօրինողի կողմից։

Ավելի վաղ նույն հարցումը ուղարկել էինք Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին։ Վերջինիս աշխատակազմից հայտնել էին, որ պետնախարարը չի տնօրինում հարցումով պահանջվող տեղեկությունը, և այն ստանալու համար կարող ենք դիմել Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե։

Երկրորդային շուկայից բնակարանները պետությունը գնում է տեղահանված ընտանիքների համար։ Անցած տարի նույնաբովանդակ հարցում ենք ուղարկել Արցախի գերատեսչություններ և պարզել, որ Արցախի կառավարությունը երկրորդային շուկայից արդեն 82 բնակարան է ձեռք բերել։ Գներ և այլ մանրամասներ կրկին չեն հայտնել։

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Մեկնաբանել