Ամբողջ Գյումրին սեփականաշնորհվել կամ 99 տարով հատկացվել է. Ս.Բալասանյան

Գյումրիում սեփականաշնորհվել կամ 99 տարով հատկացվել է ամբողջ տարածքը, այդ թվում` հանգստի ու զվարճանքի վայրերը. «Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման շրջանակում նշեց Գյումրիի նորընտիր քաղաքապետ ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: Նա չբացառեց, որ որոշ պայմանագրեր կարող են վերանայվել, նախկինում կնքված գործարքներ` անվավեր համարվել` նշելով, որ այդ մասին կխոսի առաջիկա հարցազրույցում:

«Գյումրիում այնքան պրոբլեմներ կան, որ դեռ պիտի լուծվեն…,- նշեց նա,- պիտի փորձենք լուծել, բայց Գյումրին, իրոք, ծանր, դժվար քաղաք է»:

Ըստ Բալասանյանի` ավագանու վրա դրված` գործադիր մարմնին վերահսկելու գործառույթն էլ պիտի հսկի քաղաքապետը: «Կա ավագանի և կա գործադիր մարմին, և քաղաքապետը պետք է վերահսկի, կոորդինացնի այդ ամենը: Իրականում, այն քաղաքականությունը որ պետք է տարվի (քաղաքական, տնտեսական, վարչական գործը), եթե կարողանաս անել ու թափանցիկ ցույց տալ այս քո կատարած աշխատանքը, անպայման լավ կստացվի: Ու անպայման գյումրեցին կօգնի, գիտեմ բնավորությունը, որ նա տեսավ լավ գործ է կատարվում, անպայման օգնելու է»,- նշեց նա:

Բալասանյանը նշեց, որ Գյումրի քաղաքի բյուջեն բավականին փոքր է, մինչդեռ միայն երկրորդական փողոցների ասֆալտապատման համար (դրանք երկրաշարժից ի վեր չեն նորոգվել) ահռելի գումարներ են պետք: Մեծ ներդրումներ են պետք նաև աշխատատեղեր ստեղծելու համար: Բալասանյանը նախատեսում է ներդնելով «մեկ պատուհանի» սկզբունքն ու թեժ գծի աշխատաոճը` ազատվել այն աշխատողներից, որոնց հետ կապված նկատելի կլինեն կոռուպցիոն ռիսկեր: Նա կարևորեց նախատեսվող երեք նոր բաժիններից հատկապես մեկը` արտաքին հարաբերությունների հետ կապերի բաժինը, որի գործառույթն է լինելու «քույր քաղաքների հետ լավ կապեր ստեղծելը»: