Թռիչք՝ օդափոսի վրայով

Այս տարվա ընթացքում արդեն որերորդ անգամ տեղեկատվություն է տարածվում, որ «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը մտադիր է վաճառել ընկերությունը։ Ուշագրավ է, որ դրա մասին հայտարարվում է ընկերության պարտքային վեճերի ի հայտ գալուց հետո։

Երեկ «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան հաստատել էր, որ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը մտադիր է վաճառել ընկերությունը, և ներկայում բանակցություններ են ընթանում շահագրգիռ ընկերությունների հետ։ Նա նաև ասել է, որ դեռ վերջնական որոշում չի կայացվել՝ գնորդը կլինեն իտալացիները, թե այլ երկրի ներկայացուցիչներ։ «Համաշխարհային ամբողջ ավիացիան երեք տարուց ավելի է՝ ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ է, և գրեթե բոլոր ավիաընկերություններն աշխատում են վնասով: Այդ իսկ պատճառով պատճառներից մեկն այն է, որ «Արմավիան» շահութաբեր չէ»,– ասաց նա:

Ներկայում «Արմավիայի» ֆինանսական վիճակն այնպիսին է, որ այն ոչ գրավիչ ակտիվ է։ Խնդիրն այն է, որ «Արմավիան» ֆինանսական լուրջ դժվարություններ ունի և պարտքեր է կուտակել ինչպես «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին, այնպես էլ ռուսական մի շարք օդանավակայանների: Ավելին՝ մոտ $50 մլն վարկային պարտավորություններ ունի մի քանի հայկական բանկերի նկատմամբ։

Ընկերությունը նաև պարտքեր ուներ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությանը՝ $4 մլն-ի չափ՝ մակատակարարված Sukhoi Superjet-100 (SSJ-100) ինքնաթիռի համար։ Ներկայում ընկերությունը որոշում է կայացրել վերադարձնել ինքնաթիռը, չնայած որ այն գրավադրված է հայկական բանկերից մեկում։

Ընկերության պաշտոնական կայքից հնարավոր չէ պարզել, թե օդանավերի պարկի ինքնաթիռներից քանիսն են ընկերության սեփականությունը։ «Արմավիայի» միակ գրավիչ կողմը ներքին և միջազգային չվերթներ իրականացնելու բացառիկ իրավունքն է, սակայն այն կառավարության կողմից ընկերությանը տրվել էր տասը տարով և ավարտվում է 2013թ.։

Նման պայմաններում «Արմավիան» դժվար թե գրավիչ ակտիվ լինի արտասահմանյան ավիաընկերությունների կամ ներդրողների համար։ Ընկերությունը կարող է գրավիչ լինել իշխանությանը մոտ կանգնած շրջանակների համար, քանի որ նրանք կկարողանան նորից ստանալ բացառիկության իրավունք։

Մեկնաբանել