Տնտեսությունն աճում է դոլարով

Տնտեսությունը շարունակում է դոլարիզացվել, իսկ տնտեսավարողներն ու քաղաքացիները՝ չվստահել դրամին։ Հունվար-օգոստոսին արտարժութային վարկերի մասնաբաժինը բանկերի ընդհանուր պորտֆելում ավելացել է 3-տոկոսային կետով, արտարժութային ավանդներինը՝ 1-տոկոսային կետով։

Տնտեսության դոլարիզացիան այդպես էլ կանգ չի առնում։ Օգոստոսին բանկերի վարկային պորտֆելը դոլարիզացվել է 0,1-տոկոսային կետով. տարվա ութ ամիսներին դոլարային վարկերի մասնաբաժինն ավելացել է 3-տոկոսային կետով՝ օգոստոսի վերջին կազմելով 64%։
Հունվար-օգոստոսին բանկերի վարկային պորտֆելն աճել է 18,7%-ով և օգոստոսի վերջին կազմել Դ1,5 տրլն։ Դոլարային վարկերի պորտֆելի աճը եղել է առաջանցիկ՝ 24,7%։

Ընթացիկ տարվա ութ ամիսներին առևտրային բանկերը դոլարային վարկեր տրամադրել են տնտեսության բոլոր ճյուղերին։ Դոլարային վարկերի 41,8%-ը կամ ֌78,55 մլրդ-ը բանկերն ուղղել են արդյունաբերության ոլորտ։ Այս միջոցների մոտ 71%-ը (֌55,55 մլրդ) ուղղվել է հանքագործական, ևս 28%-ը՝ մշակող արդյունաբերություն։ Բանկերը, ըստ էության, արտարժութային վարկեր են տրամադրել արտարժութային եկամուտներ ունեցող ընկերություններին. նման պայմաններում փոխարժեքային ռիսկերը գրեթե զրոյական են։

Մյուս կողմից՝ բանկերը արտարժույթով վարկավորել են այնպիսի ճյուղեր, որտեղ առկա են արտարժութային ռիսկեր։ Հաշվետու ժամանակահատվածում բանկերը հացի և ալյուրե հրուշակեղենի արտադրության ընկերություններին տրամադրել են ֌5 մլրդ-ի դոլարային վարկեր։ Ամենայն հավանականությամբ, դոլարային վարկերն են եղել պատճառներից մեկը, որ օգոստոսին և սեպտեմբերին 1 կգ ալյուրի ֌10-ով թանկացման պայմաններում հացի գները 1 կգ-ի հաշվով բարձրացել են ֌20-40-ով։

Առևտրի ոլորտի ընկերություններին բանկերն այս տարվա ութ ամիսներին տրամադրել են ֌39,4 մլրդ-ի արտարժութային վարկեր։ Ընդ որում՝ այդ ծավալի մոտ կեսն ուղղվել է մանրածախ առևտրի ոլորտ, այն դեպքում, երբ դրամային վարկերի ծավալը կազմել է ընդամենը ֌700 մլն։ Մանրածախ առևտրում եկամուտները դրամային են, ինչը նշանակում է, որ ընկերությունները զգայուն են արտարժութային ռիսկերի նկատմամբ, որոնք փոխհատուցում են գների բարձրացման միջոցով։

Ստացվում է, որ դրամի արժեզրկման պայմաններում բանկերը վարկավորման քաղաքականությամբ նպաստում են գնաճին։

Հաշվետու ժամանակահատվածում բանկերը տրամադրել են ֌18 մլրդ-ի դոլարային և ֌33 մլրդ-ի դրամային սպառողական վարկեր։ Դրամային վարկերի կեսը ոսկով ապահովված է, դոլարային վարկերի ամբողջ ծավալը կազմել են քարտային վարկերը։

Հունվար-օգոստոսին բանկերն ակտիվ չեն եղել ավտովարկավորման շուկայում՝ վարկային պորտֆելը կրճատվել է 2,5 մլրդ-ով կամ 16%-ով։

Ավանդներ
Դրամի նկատմամբ վստահությունը չի վերականգնվում նաև բանկերի ավանդատուների շրջանում։ Այս տարվա օգոստոսին արտարժութային ավանդների մասնաբաժինը բանկային համակարգում ավելացել է 1-տոկոսային կետով՝ ամսվա վերջին կազմելով 70,9%։ Ութ ամիսների կտրվածքով ևս ավանդների դոլարիզացիան ավելացել է 1-տոկոսային կետով։

Հունվար-օգոստոսին բանկերի ավանդների պորտֆելն աճել է մոտ 10%-ով կամ ֌100,3 մլրդ-ով՝ օգոստոսի վերջին կազմելով ֌1,123 տրլն։ Դոլարային ավանդներն ավելացել են 11,5%-ով կամ ֌81,5 մլրդ-ով։

Եթե դոլարային ավանդների աճը խթանել է դրամի վարքագիծը՝ արժեզրկումը, ապա դրամային ավանդների աճը պայմանավորված է եղել տոկոսադրույքներով։ Անցած տարվա դեկտեմբերի համեմատ մեկ տարուց ավելի ժամկետայնությամբ դրամային ավանդների միջին տոկոսադրույքն աճել է 1-տոկոսային կետով՝ օգոստոսին կազմելով 12,14%։ Բանկերի համար դրամը թանկացել է, ինչը, սակայն, չի ազդել դրամային վարկերի տոկոսադրույքների վրա։ Ներկայում դրանք բավական բարձր են՝ մեկ տարուց ավելի դրամային վարկերի միջին տոկոսադրույքը 18% է (դոլարայինը՝ 12%)։

Մեկնաբանել