Սամանթա Փաուերը մտահոգիչ է համարում ԼՂ-ում ստեղծված իրավիճակը և կոչ է անում բացել միջանցքը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերն անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին։
«Լեռնային Ղարաբաղում սննդի բացակայությունն ու դեղորայքի պակասը շատ մտահոգիչ է։ Լաչինի միջանցքը կարևոր նշանակություն ունի ԼՂ ժողովրդին կենսական անհրաժեշտ ապրանքներ մատակարարելու համար։ Ես միանում եմ պետքարտուղար Բլինքենի՝ միջանցքով առևտրային և մարդասիրական բեռների ազատ տեղաշարժն ապահովելու կոչին»,- Թվիթերի իր էջում գրել է Սամանթա Փաուերը։
Food insecurity & shortages of medical supplies in Nagorno-Karabakh are very troubling. The Lachin corridor is critical for getting lifesaving supplies to the people of NK. I join @SecBlinken's call for the free transit of commercial & humanitarian supplies through the corridor. https://t.co/pEjrrSHRDN
— Samantha Power (@PowerUSAID) August 1, 2023
2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջին կից, հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։
Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։
Հուլիսի 29-ին Ադրբեջանն առևանգել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։
Տեղադրություն
Civilnet









