«Արմավիան»՝ մինի մոդել

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը երեկ հաստատեց լուրը, որ ընկերությունը վաճառքի է հանվել, և այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում շահագրգիռ ընկերությունների հետ: «Համաշխարհային ամբողջ ավիացիան երեք տարուց ավելի է՝ ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ է, և գրեթե բոլոր ավիաընկերություններն աշխատում են վնասով: Ուստի պատճառներից մեկն այն է, որ «Արմավիան» շահութաբեր չէ»,– ՍիվիլՆեթին ասել է «Արմավիայի» մամուլի պատասխանատուն: «Արմավիան» կառավարությունից տասը տարով ստացել էր ներքին և միջազգային չվերթներ իրականացնելու բացառիկ իրավունք, որն ավարտվում է 2013թ.:

Եթե նայենք «Արմավիայի» անցած տասը տարիների գործունեությանը, ապա կարելի է ասել, որ ընկերությունը ոչ թե համաշխարհային տնտեսական կոնյունկտուրայի փոփոխության, այլ զարգացման ճիշտ կամ ընդհանրապես ռազմավարություն չունենալու պատճառով է ձախողել: «Արմավիան» լավագույն օրինակն է, թե ինչպես բացարձակ մենաշնորհ ունեցող ընկերությունը ոչ միայն ճյուղը չի զարգացնում, այլև հենց ինքը չի զարգանում: Ընկերությունը տարիներ շարունակ չարաշահել է մենաշնորհային դիրքը, մի շարք ուղղություններով անհամեմատ բարձր գներ է սահմանել՝ դրան համարժեք չբարելավելով ծառայությունների որակը:

«Արմավիան», ըստ էության, Հայաստանի Հանրապետության մինի մոդելն է: Ընկերությունը ֆինանսական լուրջ դժվարություններ ունի և չի կարողանում վճարել օդանավակայանների սպասարկման վարձերը, շուրջ $50 մլն-ի պարտքեր ունի բանկերին: Հայաստանի Հանրապետությունը ևս ֆինանսական լուրջ խնդիրներ ունի և մեծացրել է պետական պարտքը, որը սպասարկելու համար տարեցտարի ավելի շատ միջոցներ ու ջանք պետք է ներդնի: Հայաստանի Հանրապետությունը ևս, ինչպես «Արմավիան», «զարգացել» է ջերմոցային պայմաններում, որը թույլ չի տալիս նրան մրցունակ լինել դրսում:

Հայաստանի Հանրապետության պես ազգային ավիափոխադրողը ևս չկարողացավ ճիշտ օգտագործել Հայկական սփյուռքի գործոնը: Մի կողմից դեպի հայկական ստվար բնակչություն ունեցող քաղաքներ ավիատոմսերի գները շարունակեցին շուկայականից բարձր լինել, մյուս կողմից՝ այդպես էլ նոր ուղղություններ չբացվեցին դեպի Հյուսիսային Ամերիկա:

«Արմավիայի» օրինակը պետք է սթափեցնող լինի պետության համար:

Մեկնաբանել