«Հող և տեխնոլոգիաներ» կամ Շուշին խորհրդանշելու է հինը և նորը

Հոկտեմբերի 1-ից Շուշին կհյուրընկալի ժամանակակից արվեստի իր առաջին փառատոնը: Շարունակական բնույթ կրող նախագծի առաջին շրջանը կոչվում է «Հող և տեխնոլոգիաներ»: Փառատոնի մեկնարկին ընդառաջ «Օրակարգը» զրուցել է «Շուշի արվեստի նախագծի» համադրողներ ամերիկահայ արվեստագետ, նկարիչ Հերի Որբերյանի և արվեստի քննադատ Լիլիթ Սարգսյանի հետ:

-Հերի, Շուշիում փառատոն անցկացնելու գաղափարը Ձերն էր, ինչո՞ւ հենց Շուշին ընտրեցիք։

-Մոտ երկու տարի առաջ որոշեցի խմբային ցուցահանդես կազմակերպել: Դեռ հայտնի չէր, որ Շուշիում է լինելու։ Ցանկանում էի պարզապես Լոս Անջելեսում հայ արվեստագետների ցուցահանդես անցկացնել: Հետո որոշեցի փոքր-ինչ բարդացնել խնդիրը և, հիշելով հայոց պատմության իմ դասերը, այսօրվա իրադարձությունները, հասկացա, որ այս նախագիծն իրականացնելու ամենահարմար վայրը Շուշի քաղաքն է։ Հենց Շուշին, քանի որ այն դարերի ընթացքում մեր մշակույթի կենտրոններից է եղել:

-Ինչո՞ւ «Հող և տեխնոլոգիաներ», ի՞նչ է լինելու Շուշիում։

-Մի քանի արվեստագետով մտածում էինք, թե ինչ թեմայով այս ամենը պետք է լինի: Խոսում էինք հայրենիքի, Ղարաբաղի մասին, և բոլորիս պարզ դարձավ, որ հողը մեզ համար ամենակարևոր տարրերից է: Իսկ տեխնոլոգիաներ, քանի որ այսօր ամեն ինչ կապված է տեխնոլոգիաների հետ:

Հողը և տեխնոլոգիաները խորհրդանշում են հինը և նորը: Այսպիսի նախագծեր Շուշիում պատրաստվում ենք կազմակերպել երկու տարին մեկ, բնականաբար՝ տարբեր թեմաներով:

-Լիլիթ, Գաֆեսճյան քանդակների պուրակում տեղ գտած «Ծխող կնոջ» մասին Դուք ասել եք, թե մեր հասարակությունը «ուրիշության» սովոր չէ։ Ժամանակակից արվեստը շատ ուրիշ կարող է թվալ։ Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս այն կընդունվի Ղարաբաղում։ Արդյոք հասարակությունը պատրա՞ստ է նման հարթակի ստեղծմանը։

-Սա իրոք խնդիր է, բայց մենք խիզախում ենք, որովհետև ժամանակակից արվեստը համընդհանուր լեզվով է խոսում, այն համամարդկային է: Մենք բավական ջանք ենք գործադրում, որ այն հասանելի և հասկանալի լինի տեղացիներին:

-Ինչպե՞ս։

-Օրինակ՝ տեքստերով: Հենց այնպես չենք գնալու, ինչ-որ բաներ ցուցադրենք, ինչ-որ բաներ անենք և վերադառնանք: Կարևոր նպատակներից մեկը հենց տեղական դաշտը հաղորդակցության միջոցով զարգացնելն է:

Իհարկե, անպատրաստ դիտողին ժամանակակից արվեստը փոքր-ինչ բարդ և պարադոքսալ կարող է թվալ։ Բայց պետք չէ չափազանց բարդացնել արվեստի խնդիրը: Այն անշուշտ լուրջ գաղափարների հետ գործ ունի, սակայն պետք չէ մտածել, որ դա անհասանելի մի բան է, ավելի պարզ հայացքով պիտի նայել:

Արվեստագետի և դիտողի միջև հաղորդակցությունը ճիշտ կազմակերպելու դեպքում պարզ է դառնում, որ ժամանակակից արվեստը բաց ֆենոմեն է:

-Լիլիթ, նախագծի մասնակիցներից Գերման Ավագյանը և Արա Օշականը երկար տարիներ լուսանկարչական նախագծեր են իրականացրել Ղարաբաղում։ Իսկ մյուսնե՞րը, չէ՞ որ նրանց մեջ կան նաև այնպիսիք, որոնք երկար տարիներ չեն եղել Հայաստանում։ Ի՞նչ են ներկայացնելու նրանք, և ինչպե՞ս է դա կապվելու Շուշիի հողի հետ։

-Բոլոր արվեստագետները հայ են, և պիլոտային ծրագրի համար դա միտումնավոր է արված: Ինքնության խնդիրներ կան, որ մենք ուզում ենք արծարծել:

Մի մասը ամերիկաբնակ արվեստագետներ են, երկուսը Եվրոպայից պիտի գան, մյուսները հայաստանաբնակ են։ Մենք փորձել ենք ներգրավել նաև մարզերում ստեղծագործող արվեստագետների:

Գործ ունենք մի հետաքրքիր ֆենոմենի հետ՝ բազմաթիվ և բազմակի ինքնություններ ունեցող հայեր, տարբեր պատմությունների, ճակատագրերի կրողներ մեկտեղվելու են մի կիզակետում: Մերօրյա հետպատերազմյա հայկական ինքնությունը ձևավորող կարևոր բաղադրիչներից մեկն է արցախյան այս դիսկուրսը:

Բոլոր այս արվեստագետները, նաև նրանք, որոնք դրսում են ապրում, չափազանց կապված են Հայաստանի հետ, նրանք Հայաստանի ժամանակակից արվեստում զգալի դերակատարություն ունեն: Կարևոր չէ, թե որտեղ են նրանք ապրում, քանի որ ժամանակակից արվեստը չափազանց ճկուն և շարժուն երևույթ է, այն չի ճանաչում ազգություն, սահմաններ, երկրներ: Չափազանց դյուրին ներթափանցող երևույթ է:

Հայաստան-Սփյուռք ասվածն ըստ էության կլիշե է, և մենք կարծես արվեստի միջոցով փորձում ենք հասկանալ, որ անջրպետ չկա: Արվեստագետն իր ներքին պոեզիան ամենուր է արտահայտում:

-Հերի, ինչո՞ւ խուսափեցիք պետության աջակցությունից։

-Դա իմ հատուկ որոշումն էր, քանի որ ցանկանում էի ավելի հանգիստ և ազատ աշխատել, չունենալ սահմանափակումներ: Ես ոչ թե ցանկացել եմ հեռու մնալ, հակառակը, հանդիպել եմ Ղարաբաղի նախագահի հետ, ներկայացրել եմ, թե ինչ ենք պատրաստվում անել, աշխատում ենք մշակույթի նախարարության հետ: Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ասացի, որ չվախենան, ես այդ հոգսը իմ ուսերին կառնեմ: Նախագիծն իրականացվելու է Լոս Անջելեսի հայկական համայնքի նվիրատվությունների շնորհիվ: