Գազային պատերազմներն իզուր էին

Ուկրաինայի կառավարությունը մտադիր է պետգույքի լայնածավալ վաճառք իրականացնել։ Սեփականաշնորհման ենթակա պետական ձեռնարկությունների ցանկից գործադիրը հանել է միայն 300-ի անունը։ Նախատեսվում է վաճառել 1200 ընկերություն, այդ թվում՝ ռուս-ուկրաինական գազային պատերազմների մասնակից «Նավտոգազ Ուկրաինան»:

Ցուցակի նախորդ տարբերակի համեմատ՝ սեփականաշնորհման ոչ ենթակա պետական ձեռնարկությունների ցանկը կրճատվել է 5 անգամ: Օրենքի նախագիծն արդեն հաստատվել է կառավարությունում, այն նախատեսվում է փոխանցել Գերագույն ռադա:

Բացի «Նավտոգազ Ուկրաինայից»՝ վառելիքաէներգետիկ ոլորտի ընկերություններից կսեփականաշնորհվեն «Չեռնոմոռնեֆտեգազը», «Ուկրինտերէներգոն», «Ուկրսպեցտրանսգազը»: Մասնավոր ներդրողների համար կբացվի նաև «Դրուժբա» նավթամուղի ուկրաինական հատվածը։

Ուշագրավ է, որ 2012թ. ապրիլին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը «Նավտոգազի» բարեփոխումների մասին հրամանագիր է ստորագրել, որն արգելում է ընկերության սեփականաշնորհումը։

Երկրում սեփականաշնորհվելու են սպիրտի գործարանները, ռադիոհեռուստատեսային հեռարձակող կենտրոնները, հրատարակչությունները։ Կմասնավորեցվեն գրեթե բոլոր սպորտային բազաները, լողավազաններն ու մարզադաշտերը (բացառությամբ Կիևի սպորտի պալատի, «Օլիմպիական» կոմպլեքսի ու «Լվով Արենայի»): Գինու գործարաններից պետական սեփականություն կշարունակեն մնալ միայն ամենահայտնիները՝ «Կոկտեբելը» և «Մասանդրան»:

Ուկրաինայի կառավարությունը պետգույքի լայնածավալ սեփականաշնորհման մասին առաջին անգամ հայտարարեց 2009թ.՝ Յուլյա Տիմոշենկոյի վարչապետության տարիներին։ Ներիշխանական հակասությունների պատճառով, սակայն, գործընթացն այդպես էլ տեղից չշարժվեց։