Վարչապետը հղում է անում սիրողական մակարդակի ինդեքսի՝ խոսելով Երևանի մասին

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյի իր ելույթում պնդել է, թե Երևանը քաղաքների անվտանգության ինդեքսում զբաղեցնում է 14-րդ տեղը աշխարհում։

«Շատ կարևոր եմ համարում մեկ ուրիշ վիճակագրության մասին ասել, որը մեր անվտանգային ընդհանուր բարդությունների պայմաններում չափազանց կարևոր է։ 2017-ին Երևանը քաղաքների անվտանգության ինդեքսում 278 քաղաքների մեջ զբաղեցրել է 88-րդ տեղը աշխարհում, իսկ 2023-ի առաջին կեսի տվյալներով՝ Երևան քաղաքն անվտանգության ինդեքսով զբաղեցնում է 14-րդ տեղը աշխարհում։ Սա կարծում եմ ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է…»,- ասել է Փաշինյանը։

#CivilNetCheck-ը ստուգել է վարչապետի այս պնդումը։

Վիճակագրությունը ոչ պաշտոնական է և հիմնված կարծիքների վրա

«Քաղաքների անվտանգության ինդեքսը», որին վարչապետը հղում է անում, սակայն չի հիշատակում դրա աղբյուրը, իրականում ընդամենը Numbeo.com կայքի կողմից հրապարակվող ցուցանիշ է, որը սիրողական մակարդակի մեթոդաբանությամբ է և կազմվում է բացառապես կայքի այցելուների կարծիքների հիման վրա։

Կայքում հստակ նշվում է ինեդեքսի հաշվարկման մեթոդաբանությունը, ըստ որի` որևէ քաղաքի ցուցանիշը հաշվարկվում է այդ քաղաքի վերաբերյալ վերջին երեք տարում կայքի օգտատերերից ստացված գնահատականների՝ նրանց անձնական ընկալումների, պատկերացումների և փորձառությունների հիման վրա։

Ըստ էության, ցանկացած մարդ կարող է այցելել կայք և հարցումներին մասնակցելով՝ ազդել որևէ քաղաքի ցուցանիշի վրա։ Այսպես, Երևան քաղաքի անվտանգ լինելու վերաբերյալ տվյալները հիմնված են 181 անհայտ օգտատերերի գնահատականների վրա։

Սխալ են նաև վարչապետի նշած թվերը

Վարչապետ Փաշինյանը նաև սխալվում է, քանի որ 2023-ի առաջին կիսամյակի տվյալներով Երևանը ոչ թե 14-րդ տեղում է աշխարհում, այլ 10-րդ տեղում՝ 195 քաղաքների շարքում։

Ուշագրավ է նաև, որ վարչապետն իր ելույթում հիշատակում է քաղաքների անվտանգության ինդեքսը, այնինչ այն կայքում մաս է կազմում ավելի լայն՝ «Կյանքի որակի ինդեքսի», որտեղ ներառված են այլ ցուցանիշներ ևս։ Դրանում Երևանը բավականին ցածր վարկանիշ ունի և գտնվում է 142-րդ տեղում՝ 195 քաղաքների շարքում:

Ավելի վաղ՝ 2023-ի մարտին, այս ցուցանիշը հրապարակել էր նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, որին անդրադարձել էին «Փաստերի ստուգման հարթակի» մեր գործընկերները։

Այսպիսով, վարչապետ Փաշինյանը ելույթում մեջբերել է ոչ պաշտոնական, սիրողական մակարդակի մեթոդաբանությամբ ինդեքս, որը հիմնված է ընդամենը ինչ-որ օգտատերերի կարծիքների վրա։

Մեկնաբանել