Թուրքական «նոր» մարտավարությունը և ԱՍԱԼԱ-ն

Սեպտեմբերի 20-ին Օտտավայում բացվեց 1982թ. կանադական մայրաքաղաքում հայկական վրիժառուների կազմակերպություններից մեկի անդամների գործողությունների արդյունքում սպանված Թուրքիայի ռազմական կցորդ, գնդապետ Աթիլլա Ալտիկաթի հուշարձանը: Բացման արարողությանը ներկա էին Կանադայի և Թուրքիայի արտգործնախարարները: Վերջինս իր ելույթում հայտարարեց, որ թուրք ազգը երբեք չի մոռանալու ծառայության ընթացքում «հայ ահաբեկիչների» կողմից սպանված իր դիվանագետներին: Ավելին, Դավութօղլուն Ալտիկաթին նույնիսկ համեմատեց վերջերս Լիբիայում սպանված ԱՄՆ դեսպանի հետ և հայտարարեց, որ կանադացի ազգն առաջին անգամ ահաբեկչության հետ հանդիպեց հենց 1982թ. օգոստոսի 27-ին, երբ սպանվեց թուրք դիվանագետը:

Հետաքրքիր լուր է: Փաստորեն, Թուրքիան հանում է իր խաղաքարտերից մեկը, որը երկար ժամանակ պահվել և խնամքով փայփայվել էր: Ալտիկաթը սպանվել է 30 տարի առաջ, սակայն արձանը որոշեցին տեղադրել հենց հիմա: Ուրեմն՝ համարել են, որ ժամանակը եկել է: Դատելով, որ հուշարձանը պատրաստվել էր Թուրքիայում և տեղափոխվել Կանադա հույժ գաղտնիության պայմաններում, կարելի է խոսել ոչ թե կարճաժամկետ լուծվող խնդրի, այլ ավելի երկար ժամանակահատվածի համար ծրագրված գործողության մասին: Ավելին, Թուրքիան սրանով պատրաստ է մոռացության տալ կամ միգուցե փորձել չեզոքացնել այն հանգամանքը, որ 2004 և 2006 թթ. Կանադայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, իսկ երկրի վարչապետը յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին հատուկ ելույթով հիշում է հայ զոհերին:

Այս «նոր» մարտավարության բաղադրիչներ կարելի է համարել նաև վերջին շրջանում ԱՍԱԼԱ-ի անունից տարածվող ակնհայտ կեղծ նամակները: Անկարան ամենայն հավանականությամբ քննարկում է «Հայկական ահաբեկչության» դրույթի ակտիվացման և շրջանառեության մեջ ավելի ակտիվ ներդնելու հնարավորությունը: Պատահական չէ, որ Դավութօղլուի խոսքն այդքան հղումներ էր պարունակում ժամանակակից համաշխարհային քաղաքականության ամենամեծ սպառնալիքներին՝ միջազգային ահաբեկչությանը:

Ի՞նչ ենք հակադրելու դրան: Արդյոք պատրա՞ստ են մեր հակափաստարկները: Ամեն դեպքում, կարծում եմ՝ 1970-1980-ականների շարժման՝ ԱՍԱԼԱ-ի և նրա օրինակով ստեղծված խմբերի նկատմամբ մեր հասարակությունում փոխհամաձայնություն կա: Բացառությամբ մի քանի մարգինալ կերպարների, մեր հանրությունը ընդունել է և արժևորել ԱՍԱԼԱ-ի տղաներին: Նրանցից մի քանիսը Եռաբլուրում են թաղված, ժամանակին մեծերը՝ Կապուտիկյանը, Շիրազը, Օշականը նրանց ստեղծագործություններ էին նվիրում:

Սակայն արդյոք ունե՞նք արտաքին աշխարհին ներկայացնելու բանաձև: Մի բանաձև, որը կլինի այսօրվա լեզվով, այսօրվա իրական քաղաքականությանը եթե ոչ ընդունելի, ապա գոնե հասկանալի:

Եվ մի բան էլ, այս տղաները արժանի են հուշարձանի: Ոչ թե անհատական ամեն մեկը, այլ երևույթը՝ որպես այդպիսին: Կարելի է մի հուշարձան կանգնեցնել ընդհանրապես այն սփյուռքահայ երիտասարդին, որը Սառը պատերազմի դաժան տարիներին, երբ Հայոց ցեղասպանության թեման լիակատար մոռացության էր մատնված, գտավ ելքը: Նա կատարեց մի քայլ, որն այսօր կանվանեին ասիմետրիկ հարված: Այնքան ուժեղ, որ պետականության բացակայության պայմաններում այն կարողացավ հայկական գործոնին շշմեցուցիչ ազդեցություն հաղորդել, իսկ Հայկական հարցին՝ միջազգային անվերապահ հանրահռչակում: Ի վերջո, այն տվեց մի այնպիսի ազդակ, որից ծնվեց Մոնթեն: Իսկ միայն դա արդեն հերիք է արձան կանգնեցնելու համար:

Մեկնաբանել