Չեխիայում վերականգնվում է թունդ ալկոհոլի վաճառքը

Չեխիայում այսօր կվերականգնվի 20% թնդությունը գերազանցող ոգելից խմիչքների վաճառքը։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Պետր Նեչասը, հաղորդում է BBC-ն։

Նա նշել է, որ որոշումն ընդունվել է կառավարության վերջին նիստին, սակայն թունդ ալկոհոլի վաճառքի թույլտվության համար պաշտոնապես կպահանջվի նաև Չեխիայի առողջապահության նախարար Լեոշ Հեգերի կարգադրությունը, որը կտրվի այսօր։

Ազատ վաճառքի կհանվեն բոլոր թունդ խմիչքները, որոնք արտադրվել են նախքան այս տարվա հունվարի 1-ը։ Այն թունդ ալկոհոլը, որը դրանից հետո է արտադրվել, պետք է սերտիֆիկացիա անցնի, պարզաբանել է Չեխիայի վարչապետը։

Մի քանի օրից կառավարությունը չեղյալ կհայտարարի նաև թունդ ալկոհոլի արտահանման արգելքը, հավելել է Նեչասը։

Ներկայում Չեխիայում պահեստներում կա մոտ 22 մլն շիշ թունդ ալկոհոլ, որը պահեստ է ուղակվել խանութներից սեպտեմբերի 14-ին կառավարության՝ 20% թնդությունը գերազանցող ոգելից խմիչքների վաճառքի արգելքի սահմանումից հետո։

Հիշեցնենք, որ Չեխիայում կեղծված, մեթիլ սպիրտ պարունակող օղուց ու ռոմից թունավորման հետևանքով սեպտեմբերի սկզբից ավելի քան երկու շաբաթվա ընթացքում մահացել է 26 մարդ։