Արգելվել է դաշնակցական երիտասարդի մուտքը Հայաստան

Դաշնակցական Արենի Մարկոսյանի մուտքը Հայաստան արգելվել, նրան թույլ չի տրվել դուրս գալ «Զվարթնոց» օդանավակայանից։ Այդ մասին օգոստոսի 1-ին օդակայանից ուղիղ եթերով պատմել է ինքը՝ Արենի Մարկոսյանը՝ տեղեկացնելով, որ անցակետում վերցրել են իր անձնագիրը։

Նա ԱՄՆ քաղաքացի է, Հայաստան էր ժամանել Լիբանանից։ 24 ժամ Երևանի օդանավակայանում մնալուց հետո Արենի Մարկոսյանը վերադարձել է Լիբանան։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարել է, որ քաղաքացուց ահազանգ է ստացվել «Զվարթնոց» օդանավակայանում իր անձնագիրն առգրավելու մասին։ ՄԻՊ գրասենյակի հայտարարություն ասվում է․ «Կապ է հաստատվել իրավասու մարմնի ներկայացուցչի հետ, ով տեղեկացրել է, որ նրա մուտքը ՀՀ արգելված է, և անձնագիրը վերցրել են հետադարձ տոմսը ձևակերպելու համար»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնել է, որ այս տարի արդեն 6-րդ դաշնակցականն է, որ չի կարողանում Հայաստան մտնել։

***

2022-ի հուլիսի 13-ին Մուրադ Փափազյանին արգելվել էր մուտք գործել Հայաստան, նա ՀՀ-ում ճանաչվել է անցանկալի անձ։ Երևան ժամանելուց հետո ոստիկանությունը նրան ուղեկցել է դեպի վերադարձի օդանավ։

Վարչապետի աշխատակազմն ավելի ուշ պարզաբանել էր՝ ինչ հիմքով է արգելվել Փափազյանի մուտքը Հայաստան․ «Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը։ Ոչ միայն նշված անձի, այլև հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը ՀՀ արգելվել է»։

Մեկնաբանել