Ալիևի կեղծ պնդումները Euronews-ի եթերում

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 22-ին Euronews-ին տված հարցազրույցում պնդել է, թե Լաչինի միջանցքը երբեք փակ չի եղել և մշտապես բաց է երթևեկության և շարժի համար։

Լրագրողն Ալիևին հարց է ուղղել Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին՝ մեջբերելով նաև Արդարադատության միջազգային դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատությունը երաշխավորելու պահանջները։ Դրան ի պատասխան էլ Ալիևը պնդել է, թե «միջանցքը ոչ թե փակվել էր, այլ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բնապահպանական նպատակներով «վերահսկողության տակ էին վերցրել այն»։

«… Եվ կրկին՝ ճանապարհը փակված չէր։ Այն բացարձակապես ազատ էր և շարժն էլ ազատ էր»,- պնդել է Ալիևը, իսկ լրագրողի ճշտող հարցին, թե երթևեկությունը երբեք չի՞ ընդհատվել, կրկին պատասխանել՝ «ոչ և ոչ»։

Սակայն առկա են բազմաթիվ ապացույցներ, որոնք փաստում են՝ բնապահպան ներկայացող ադրբեջանցիները ոչ թե վերահսկողության տակ էին վերցրել, այլ փակել էին Լաչինի միջանցքը։

Լաչինի միջանցքը փակ էր

2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ հստակ նշված է, որ Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո, իսկ Ադրբեջանը պետք է երաշխավորի Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը:

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով որպես բնապահպաններ, փակել էին Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհը՝ պահանջելով, որ իրենց մասնագետները մուտք գործեն ԼՂ-ում գործող հանքեր։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը հետաքննությամբ պարզել էր, որ միջանցքը փակած անձինք գրեթե որևէ կապ չունեն բնապահպանության հետ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ներկայացողները մեծամասամբ Ալիևի իշխանության հետ շատ հստակ կապեր ունեցող և պետության կողմից ֆինանսավորվողներ էին։

Այս անձինք առաջին օրերին վրաններ էին տեղադրել ճանապարհի վրա՝ արգելելով որևէ շարժ այդ ճանապարհով։ Բարձրացված մեծ աղմուկից հետո ճանապարհը սկսել էին բացել միայն ռուս խաղաղապահների և շուտով՝ Կարմիր խաչի մեքենաների համար։ Սակայն գրանցվել էին դեպքեր, երբ ադրբեջանցիները ճանապարհը չէին բացել անգամ ռուս խաղաղապահների մեքենաների համար, ինչն ապացուցվում է տեսագրությամբ։ Սա գալիս է հերթական անգամ հերքելու Ալիևի այն պնդումը, թե Լաչինի միջանցքը միշտ բաց է եղել և ազատ շարժը չի ընդհատվել։ Բացի այդ, այն փաստը, որ միայն ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի մեքենաների կողմից է այս ճանապարհն օգտագործվել, ևս փաստում է, որ ճանապարհով տեղաշարժն ազատ չէր։

Ինչի մասին էր դատարանի որոշումը

Անդրադառնալով Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023-ի փետրվարի 22-ի ընդունած որոշմանը, որով Ադրբեջանին պարտադրվել էր ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը, Ալիևը յուրովի է մեկնաբանել և՛ որոշումը, և՛ իրադարձությունների հետագա ընթացքը։ Ադրբեջանի նախագահի մեկնաբանմամբ՝ դատարանն իրականում Ադրբեջանին ուղերձ է հղել, որ բանակցեն քաղաքացիական հասարակության ակտիվիստների հետ՝ չխաթարելու շարժը։

«Եվ մենք դա արեցինք։ Հենց որ սահմանային անցակետ տեղադրեցինք Հայաստանի հետ մեր սահմանին, որը մեր օրինական իրավունքն է և չի վիճարկվում ոչ մեկի կողմից, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի, այստեղ՝ Շուշիում, իմ ներկայացուցչի միջոցով բանակցեցինք ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, որ դադարեցնեն գործողությունները: Եվ նրանք դադարեցրին, լքեցին։ Այնպես որ, այժմ տեղաշարժի ազատությունն արգելափակված չէ»,- հավաստիացրել է Ալիևը։

Մինչդեռ, փետրվարի 22-ին ընդունված որոշմամբ Արդարադատության միջազգային դատարանը նախ արձանագրել էր, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը Լաչինի միջանցքով խաթարվել է։

Դատարանը նշել էր, որ իր տրամադրության տակ եղած տեղեկատվությունը ցույց է տալիս՝ Լաչինի միջանցքով տեղաշարժի խափանումը խոչընդոտել է Լեռնային Ղարաբաղում հոսպիտալացված՝ ազգությամբ հայերի տեղափոխումը Հայաստանի բժշկական հաստատություններ անհետաձգելի բժշկական օգնության համար։ Դատարանը նաև նշել էր, որ ըստ ապացույցների՝ խոչընդոտներ են առկա Լեռնային Ղարաբաղ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման համար՝ առաջացնելով սննդի, դեղորայքի և կյանքի համար անհրաժեշտ այլ բժշկական պարագաների պակաս:

Այս ամենը հաշվի առնելով՝ դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին մինչև «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վերջնական որոշման կայացումը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Չնայած այս որոշմանն ու պահանջին, Ադրբեջանն ակտիվիստների միջոցով ավելի քան երկու ամիս շարունակում էր փակ պահել ճանապարհը։ Երբ ապրիլ ամսվա վերջին Ադրբեջանը անցակետ տեղադրեց Հայաստանի հետ սահմանին, ակտիվիստները հեռացան Շուշիի հատվածից, սակայն ճանապարհով ազատ տեղաշարժը, բեռների փոխադրումն արդեն խոչընդոտվեց ադրբեջանական անցակետի միջոցով։

Հատկանշական է, որ անցակետի տեղադրումից հետո անգամ՝ հուլիսի 6-ին, Արդարադատության միջազգային դատարանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով կայացրել էր որոշում՝ վերահաստատելով փետրվարի 22-ի որոշումը, որով պարտավորեցրել էր Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Այս որոշմամբ ևս փաստացի արձանագրվել էր, որ ազատ տեղաշարժը վերականգված չէ, ինչպես պնդում է Ալիևը։

Եթե տեղաշարժի ազատությունը, երթևեկությունը արգելափակված չէ, ապա հարց է առաջանում, թե ինչու Հայաստանից հուլիսի 26-ին Լեռնային Ղարաբաղ ուղարկված շուրջ 400 տոննա հումանիտար բեռն արդեն օրեր շարունակ չի կարողանում մուտք գործել Լեռնային Ղարաբաղ։ Փաստն արձանագրել են նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագետների կողմից։

Շուշիում իրականացված ծրագրերի մասին

Ալիևը Euronews-ին հարցազրույցը տվել է Շուշիում: Իր խոսքի վերջում անդրադարձել է նաև քաղաքին՝ պնդելով, թե Շուշիի՝ հայկական վերահսկողության տակ գտնվելու ժամանակ այնտեղ կառուցվել են միայն երեք վիլաներ՝ «Ղարաբաղի հայերի առաջնորդների համար»։

«Քաղաքն ամբողջովին ավերակ էր։ Այն, ինչ հիմա տեսնում եք, դա մեր վերակառուցման գործընթացի սկիզբն է՝ ներառյալ այս «Ղարաբաղ» հյուրանոցը, քաղաքապետարանը, հյուրանոցները և այլն»,- պնդել է Ալիևը։

Այս պնդումը, սակայն, չի համապատասխանում իրականությանը։ Թեև Շուշիում բազմաթիվ կիսաքանդ կառույցներ կային, սակայն քաղաքում բազմաթիվ քաղաքաշինական, ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներ են իրաականացվել։

Դեռ 2015-ին Շուշիում կապիտալ վերանորոգվել ու բացվել էր Հայաստանի ագրարային համալսարանի՝ չորս մասնաշենքից բաղկացած մասնաճյուղը։ Հիմնանորոգվել էր Խ․ Աբովյանի անվան դպրոցը, գրադարանը և երաժշտական դպրոցը, կառուցվել էր Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանը, մանկապարտեզը, հիմնվել էր գիշերօթիկ մանկապարտեզ և այլն։ Ամբողջությամբ վերակառուցվել էր նաև Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնը։

Բացի այդ, 2020-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Շուշի կատարած այցի ժամանակ ԼՂ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը հայտնել էր, որ ավարտին են մոտենում քաղաքում թվով 45 բնակելի տների կառուցման աշխատանքները, ևս 4 տներ առաջիկայում պետք է սկսեին կառուցվել, իսկ մոտ ապագայում նախատեսվում էր պատվիրել ևս 100 բնակելի տների նախագծեր։

Իսկ «Ղարաբաղ» հյուրանոցը, որը հիշատակում է Ալիևը, իրականում Շուշիում տարիներ շարունակ գործած Ավան Շուշի պլազան է, որը մշտապես ընդունել է զբոսաշրջիկների՝ գտնվելով հրաշալի վիճակում։

Ալիևի հիշատակած «Ղարաբաղ» հյուրանոցը նախկին Ավան Շուշի պլազան է

Մեկնաբանել