Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է համանախագահներին

Սեպտեմբերի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նյույորքյան այցելության շրջանակում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման օրակարգում է եղել Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացին հասցված վնասը և ստեղծված իրավիճակի հաղթահարման, բանակցությունների ճանապարհով հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շարունակումը:

Համանախագահներն ընդգծել են իրենց երկրների սկզբունքային դիրքորոշումը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ֆիլիպ Գորդոնին, որի հետ քննարկել է հայ-ամերիկյան գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղարի տեղակալ Գորդոնը հանգամանալից զրույց են ունեցել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում մարդասպան Սաֆարովին ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս առումով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է միջազգային հանրության միահամուռ դատապարտող հասցեագրված արձագանքը: