Հետաքրքիր զուգադիպություններ

Վերջին շրջանում մամուլում ինտենսիվ շրջանառվում են մի քանի քրեական գործերի և հնարավոր չարաշահումների հետ կապված աղմկոտ պատմություններ, որտեղ շատ տարօրինակ զուգադիպությամբ շրջանառվում են հիմնականում ԲՀԿ-ն ներկայացնող անձինք: Մասնավորապես՝ այս ընթացքում պարզվեց, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը ոստիկանության կապիտանին գլխով հարվածելու վատ սովորություն ունի, ԲՀԿ-ական նախկին նախարարներ Վարդան Վարդանյանն ու Հարություն Քուշկյանը իրենց ղեկավարած գերատեսչություններում բազմաթիվ չարաշահումներ թույլ տալու սովորություն են ունեցել, ինչի առիթով ՀՀ գլխավոր դատախազությունում նյութեր են նախապատրաստվում: Իսկ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի «փողեր լվանալու» գործով գլխավոր դատախազը պատրաստավում է մտնել Ազգային ժողով՝ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար:

Այս կարճ ժամանակահատվածում այսքան զուգադիպությո՞ւն: Միգուցե իշխանությունները այս գործերը օգտագործելով նպատակադրված քաղաքական խնդի՞ր են փորձում լուծել: Ինչպե՞ս է ստացվում, որ «փողեր լվանալու» հանցակազմով քրեական գործ հարուցելուց չորս ամիս անց, երբ որևէ ապացույց այդպես էլ չի գտնվել, հանկարծ սկսեց շրջանառվել Օսկանյանին պատգամավորական մանդատից զրկելու թեման: Կամ որ շուրջ հինգ տարի նախարար աշխատած անձանց հնարավոր հանցագործությունների մասին հիշեցին հենց այս ընթացքում:

Հետաքրքիր է, որ մամուլում այս թեմաները շրջանառվում են այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը բացահայտ բարեկամական ռևերանսներ կատարեց ԲՀԿ-ի ուղղությամբ, որից հետո ակտիվացան խոսակցություններն այն մասին, որ որոշակի պայմանների բավարարման դեպքում ԲՀԿ-ն կրկին կարող է հայտնվել կոալիցիայի ծիրում և առաջիկա նախագահական ընտրություններին պաշտպանել Սերժ Սարգսյանին: Այս համատեքստում ՀՀԿ առաջնորդը անգամ չզլացավ հրապարակայնորեն անարգանքի սյունին գամել ԲՀԿ-ի կողմից չընդունվող վարչապետին:

Քաղաքական բացահայտ առճակատումից զգուշացող և խուսափող Սերժ Սարգսյանը թերևս ձգտում է 2013թ. նախագահական ընտրությունները վերածել մրցակցային բովանդակությունից զուրկ ձևական միջոցառման, ինչպես դա եղավ, ասենք, Գյումրիի քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Քրեական գործերով և «ատկատներով» նա ԲՀԿ-ի ղեկավարությանը հասկացնում է, որ պետք է շտապել նախագահական ընտրությունների հետ կապված որոշում կայացնելու հարցում: Սակայն մյուս կողմից՝ խիստ կասկածելի է, թե արդյոք ՀՀԿ առաջնորդը ընտրություններից հինգ ամիս առաջ համարձակություն կունենա քաղաքական «պատերազմ» սկսել իր հնարավոր մրցակիցների դեմ, որի արդյունքը անկանխատեսելի է:

Մեկնաբանել