65 մլն դոլարի մրցանակ՝ լեսբուհու հետ ամուսնանալու համար

Հոնգկոնգցի միլիարդատեր Սեսիլ Չաոն 65 մլն դոլար է առաջարկել այն տղամարդուն, որը կկարողանա գրավել իր լեսբուհի դստեր սիրտը:

Անշարժ գույքի վաճառքից մեծ կապիտալ կուտակած մագնատն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ իմացել է, որ դուստրն ամուսնացել է իր վաղեմի ընկերուհու հետ:

Սեսիլ Չաոն, որը երբևէ ամուսնացած չի եղել, BBC-ի թղթակցին հայտնել է, որ իր դուստրն ամուսնացած չէ և «լավ ամուսնու» կարիք ունի:

Հարկ է նշել, որ միասեռ ամուսնությունները չեն ընդունվում Հոնգկոնգում, այդուհանդերձ՝ միասեռականությունն այստեղ ապաքրեականացվել է դեռևս 1991թ.:

Անհատ ձեռներեց և Մանչեսթերի համալսարանի նախկին սան Գիգի Չաոն վերջերս Ֆրանսիայում ամուսնացել է իր ընկերուհու՝ Շոն Իվի հետ: Աղջիկների հարաբերությունները սկիզբ են առել յոթը տարի առաջ, սակայն Գիգիի հայրը հրաժարվել է ճանաչել այս միությունը: Նա հայտարարել է, որ իր առաջարկն արդեն մեծ արձագանք է ունեցել պոտենցիալ փեսացուների շարքում:

«Սա միջոց է գրավելու մեկին, որն ունի տաղանդ, սակայն չունի բավարար կապիտալ իր գործը սկսելու համար,- ասել է Չաոն: -Ինձ համար միևնույն է՝ նա կլինի հարուստ, թե աղքատ: Կարևորը՝ լինի առատաձեռն և բարի: Գիգին շատ լավ կին է, տաղանդավոր և գեղեցիկ: Նա շատ կապված է իր ծնողների հետ և զբաղվում է բարեգործությամբ»:

Չնայած այս վճռական գործողություններին՝ Չաոն ասում է, որ դստերը չի ամուսնացնելու վերջինիս կամքին հակառակ: Ինքը՝ Գիգին, կարծում է, որ հոր պլանները ուշագրավ են, և արժե սպասել յուրօրինակ այս մրցույթի արդյունքներին: