Երևանի և Բաքվի միջև հապճեպ խաղաղության պայմանագրի կնքումը կհանգեցնի նոր հակամարտության․ ՌԴ ԱԳՆ

Mid mfa russia

Հայաստանն ու Ադրբեջանը ուսումնասիրում են տարածաշրջանում լարվածության թուլացման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարարության ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով վերջին շփումները հուլիսի 25-ին Մոսկվայում տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ բարդ իրավիճակի ֆոնին։ Առանց զգայուն մանրամասներ բացահայտելու, կարող եմ ասել, որ մեր կողմից առաջարկվել են լարվածության թուլացման փոխզիջումային հանգուցալուծումներ, որոնք կողմերը ուսումնասիրում են»,- ասել է նա։

Գոնչարի խոսքով՝ ռուսական կողմը միջնորդական ջանքերը շարունակում է բոլոր ուղղություններով, ներառյալ տարածաշրջանի ապաշրջափակումը, սահմանազատման գործընթացի մեկնարկը, խաղաղության պայմանագրի համաձայնեցումը․ «Ամեն ինչ չէ, որ այնքան արագ է ընթանում, որքան կցանկանայինք, սակայն դա հասկանալի է՝ հաշվի առնելով հակամարտության տարիներին կուտակված խնդիրների ծավալը։ Ընդ որում, արհեստականորեն չենք արագացնում աշխատանքը և չենք ձգտում հանդիպումներ անցկացնել հենց հանդիպումների համար, ինչով հաճախ աչքի են ընկնում մեր արևմտյան գործընկերները»։

Ռուս դիվանագետը նաև կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ և ոչ պատշաճ կերպով պատրաստված խաղաղության պայմանագիր կնքելու փորձն ապագայում կհանգեցնի նոր հակամարտությունների։

«Հապճեպ պատրաստված, հում խաղաղության պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի։ Ընդհակառակը, այն նախադրյալներ կստեղծի ապագայում նոր հակամարտությունների և ողբերգությունների համար: Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված և փոխընդունելի լուծումների որակյալ նախապատրաստմանը»,- ընդգծել է պաշտոնյան։

Գոնչարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ արևմտյան մայրաքաղաքներից պարբերաբար հայտարարություններ են հնչում այն ​​մասին, որ Երևանը և Բաքուն կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել «գրեթե մոտակա շաբաթների և ամիսների ընթացքում»։ Ըստ նրա՝ Ռուսաստանը գտնում է, որ կողմերն իրենք պետք է որոշեն ստորագրման ժամկետները։

Մեկնաբանել