Երևանում բնակարանների առքուվաճառքը մոտ 35 տոկոսով նվազել է

Այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Երևանում բնակարանների առքուվաճառքի գործարքները 34,6 տոկոսով նվազել են։ Այդ մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած կիսամյակային հաշվետվությունից։

Եթե 2022-ի առաջին 6 ամսում Երևանում կատարվել էր բնակարանների առքուվաճառքի 5 900 գործարք, այս տարվա առաջին կիսամյակում այս թիվը նվազել ու կազմել է 3 860:

31 տոկոսով նվազել է անհատական բնակելի տների առքուվաճառքը, 40 տոկոսով՝ արտադրական նշանակության շինությունների առքուվաճառքը, 25,6 տոկոսով՝ Երևանում հողերի առքուվաճառքը։ Ընդհանուր առմամբ, նմանաբնույթ բոլոր գործարքների քանակը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազել է 31 տոկոսով։ Ըստ վարչական շրջաններում առքուվաճառքի բացվածքի՝ բացառությամբ Քանաքեռ-Զեյթունի և Նուբարաշենի, մնացած բոլոր վարչական շրջաններում առքուվաճառքի անկումներ են, ընդ որում, այս տիպի գործարքների ամենամեծ նվազումը գրանցվել է Դավթաշենում, Կենտրոնում և Արաբկիրում։ Շուկայում անկումների ցուցիչներից է նաև հիփոթեքային գրավադրման նվազումը Երևանում։ Բնակարանի ձեռքբերման համար բանկից ներգրաված վարկի ապահովման միջոց որպես կանոն հանդիսանում է այն գույքը, որը ձեռք է բերվում։ Ըստ տվյալների՝ հիփոթեքային գրավադրման գործարքները Երևանում այս տարվա առաջին կիսամյակում նվազել են 17,6 տոկոսով։

Չնայած առքուվաճառքի թվերի այս անկմանը՝ Երևանում բնակարանների 1 քառակուսի մետրի գները շարունակում են աճել։ Այսպես՝ ըստ Կադաստրի կոմիտեի հաշվետության․

Կենտրոնում 1 քառակուսի մետրի միջին գինն աճել է 12,5 տոկոսով

Արաբկիրում 1 քառակուսի մետրի միջին գինն աճել է 11,3 տոկոսով

Քանաքեռ-Զեյթունում 1 քառակուսի մետրի միջին գինն աճել է 6,2 տոկոսով

Նոր-Նորքում 1 քառակուսի մետրի միջին գինն աճել է 7,4 տոկոսով

Էրեբունիում 1 քառակուսի մետրի միջին գինն աճել է 9․1 տոկոսով

Շենգավիթում 1 քառակուսի մետրի միջին գինն աճել է 6,7 տոկոսով

Աջափնյակում 1 քառակուսի մետրի միջին գինն աճել է 6,5 տոկոսով

Մալաթիա-Սեբաստիայում 1 քառակուսի մետրի միջին գինն աճել է 10,2 տոկոսով

Ավանում 1 քառակուսի մետրի միջին գինն աճել է 9 տոկոսով

Նուբարաշենում 1 քառակուսի մետրի միջին գինն աճել է 5,4 տոկոսով

Կադաստրի կոմիտեի վերլուծությունից հետևում է, որ Երևանում բնակարանների 1 քառակուսի մետրի գները անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ բարձրացել են 9,3 տոկոսով։ Բնակարանների առքուվաճառքի թվերի նվազումը բնորոշ չէ միայն Երևանին․ մարզերում ևս առքուվաճառքի գործարքները նվազել են 28,7 տոկոսով։ Ամենամեծ անկումը գրանցվել է Տավուշում և Շիրակում։

Հայաստանում հողերի առքուվաճառքը ևս նվազում է գրանցել։ Երևանում այդ նվազումը կազմում է 25,6 տոկոս, իսկ ամբողջ Հայաստանում՝ 2,5 տոկոս։

Վարձակալության գործարքներ

Հանրապետությունում առհասարակ, ներառյալ Երևանում, դրական դինամիկա է արձանագրվել վարձակալության գործարքներում։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճը կազմել է 21,4 տոկոս, իսկ Երևանում՝ 12 տոկոս։

Վարձակալության գործարքների տպավորիչ աճ գրանցվել է Գեղարքունիքի մարզում ու Վայոց ձորի մարզում, առաջինում շուրջ 3 անգամ ավելացել են վարձակալության դեպքերը, իսկ Վայոց ձորում՝ 2,5 անգամ։ Ուշագրավ է, որ վարձակալության գործարքներով, ըստ տեսակի, բնակարանների, անհատական բնակելի տների վարձակալության դեպքերը նվազել են, փոխարենը կտրուկ աճել են հասարակական նշանակության շինությունների, ավտոտնակների ու հողերի վարձակալությունները։ Երևանում բնակարանների վարձակալության գործարքները նվազել են 33 տոկոսով, հասարակական նշանակության շինություններինը՝ 46 տոկոսով։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել