Արտերկրում կերպարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար լիբանանահայ քանդակագործ Րաֆֆի Թոքաթլյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
Րաֆֆի Թոքաթլյանը ծնվել է 1957թ. լիբանանաբնակ հայ արվեստագետների ընտանիքում: Ապագա քանդակագործի համար պապի՝ 1915թ. Ցեղասպանությունից մազապուրծ արվեստագետ Աբրահամ Թոքաթլյանի և հոր՝ Պողոս Թոքաթլյանի ապրած հուզախառն հուշերը դարձել են ներշնչանք ու դրսևորվել նրա արարչական գործում: Նրա արվեստի փիլիսոփայության մեջ առկա է նաև եվրոպականը՝ հատկապես իտալական վերածննդի շունչը:
Փարիզում և Լիբանանում ուսանելիս Թոքաթլյանը սովորել է քանդակագործության մեջ մոռացված` մեղրամոմի օգնությամբ բրոնզի մշակման մեթոդը: Չնայած նրան, որ մանկուց ավելի շատ նկարչությամբ է հետաքրքրվել, շուտով նա դարձել է քանդակների գաղափարների զարգացման աղբյուր: 2000-ից քանդակագործը Բեյրութի իր ստուդիայում հեղինակել է ավելի քան 30 բրոնզե քանդակ, որոնցում համատեղվել են ընտանիքի դաժան պատմությունը և մարդկության հոգևոր դեգերումներն ու էքզիստենցիալիստական մարտահրավերները: Րաֆֆի Թոքաթլյանի քանդակները գնահատվել ու շարունակում են արժևորվել ամբողջ աշխարհում:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի առաջարկով հայրենիքում կկազմակերպվի քանդակագործ Րաֆֆի Թոքաթլյանի անհատական ցուցահանդեսը: