Շոթա Կինչա, OC Media
Վրաստանի հյուսիսում գտնվող Ռաչայի շրջանում սելավի հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, տասնյակ մարդիկ անհետ կորել են։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Հինգշաբթի տեղի ունեցած սելավի պատճառով Բուբա գետը դուրս է եկել ափերից, ջրի հեղեղը քշել է Օնի մունիցիպալիտետի Շովի հանգստավայրի տներն ու քոթեջները: Ջուրը քանդել է նաև Շովիի մերձակայքում գտնվող երկու կամուրջները, ինչը դժվարացնում է մուտքը աղետի գոտի։
Ուրբաթ զոհերի թիվը հասել է 11-ի։ Իշխանությունները հայտարարել են, որ ևս 25-ը անհայտ կորած է: Առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին ասել է, որ մինչ այժմ հայտնաբերվել է դիակներից միայն մի քանիսը:
Հինգշաբթի և ուրբաթ օրերին արտակարգ ծառայությունները ուղղաթիռներ են տեղակայել ավելի քան 200 մարդու Ռաչայից տարհանելու համար, և գործողությունները դադարեցվել են գիշերը:
Ուրբաթ առավոտյան Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին ասել է, որ փրկարարները դանդաղ են առաջ շարժվում, քանի որ աղետի գոտու էպիկենտրոնում հայտնվել են ցեխի մեջ։
Ներքին գործերի նախարարությունն ուրբաթ առավոտյան գործարկել է թեժ գիծ՝ անհայտ կորածների հարազատների խնդրանքներից հետո:
Կառավարության անդամները, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ուրբաթ այցելել են աղետի վայր և երկուշաբթին հայտարարել սգո օր։ Ղարիբաշվիլին խոստացել է բանակը ներգրավել փրկարարական աշխատանքներում։
Ղարիբաշվիլին հակադարձել է աղետին կառավարության պատրաստվածության քննադատներին՝ նրանց անվանելով «ձախորդ քաղաքական գործիչներ» և «անբարոյական» լրատվամիջոցներ։ Վերջինները հայտարարել էին, թե կառավարությունը չի կարոացել երեք ուղղաթիռ գնել արտակարգ իրավիճակների համար, չնայած ծրագրել էին:
Ղարիբաշվիլին չի պարզաբանել, թե ինչու են արտակարգ իրավիճակների ծառայությունները ստիպված եղել դադարեցնել փրկարարական աշխատանքները հինգշաբթի գիշերը, ինչը, ըստ քննադատների, վկայում է գիշերային որոնողական և փրկարարական աշխատանքների համար պատշաճ ուղղաթիռների բացակայության մասին:
Անցյալ օգոստոսին Ղարիբաշվիլին խոստացել էր վաճառել նախորդ կառավարության գնած «շքեղ» ուղղաթիռը, որը, ըստ նրա, պիտանի չէր փրկարարական գործողությունների համար, և փոխարենը գնել երեք նոր ուղղաթիռ:
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին ուրբաթ միացել է կառավարությանը քննադատողներին՝ հայտարարելով, որ «ցավոք, նման ճգնաժամ հաղթահարելու համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների բացակայությունը, որ ուղղակիորեն կապված է մարդու կյանքի և իրավունքների պաշտպանության ու առողջության հետ, կրկին ակնհայտ դարձավ»։
Աղետի գոտում լրագրողների հետ ճեպազրույցում Ղարիբաշվիլին ասել է, որ Թուրքիայից կամ Ադրբեջանից լրացուցիչ օգնություն չեն խնդրելու։
Կարճ ժամանակ անց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միասնության կոչ է արել՝ հավելելով, որ պատրաստ է օգնության համար դիմել այլ երկրների ղեկավարների, եթե անհրաժեշտ լինի աջակցություն փրկարարական գործողություններում:
Ուրբաթ լրագրողների հետ զրույցում Շրջակա միջավայրի ազգային գործակալության երկրաբան Մերաբ Գափրինդաշվիլին միջադեպը որակել է որպես ամենավատ բնական աղետը Արևմտյան Վրաստանում 1991-ի Ռաչայի երկրաշարժից հետո:
Գափրինդաշվիլիի նախնական գնահատմամբ՝ սողանքը առաջացրել է մոտ 5 միլիոն խորանարդ մետր հողի տեղաշարժի հետևանքով։
Նա նշել է Ռուսաստանի հետ սահմանին մոտ գտնվող Բուբայի և Թբիլիսայի սառցադաշտերի «ինտենսիվ հալոցքի» մասին, որը մեծապես նպաստել է դեպի հարավ-արևմուտք՝ հանգստավայր շարժվող ջրի հեղեղին: