Իսմի Աղաև, OC Media
Ադրբեջանցի իրավապաշտպան, աշխատանքային իրավունքներով զբաղվող Աֆիադին Մամեդովը ոստիկանության հրահանգներին չենթարկվելու մեղադրանքով 30-օրյա կալանքի է դատապարտվել։ Ըստ ամենայնի, նրան խոշտանգել են և թույլ չեն տվել փաստաբան ունենալ:
Աշխատավորների արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ և «Ժողովրդավարություն 1918» շարժման անդամ Մամեդովը կալանավորվել է օգոստոսի 1-ին և հինգշաբթի վերցվել վարչական կալանքի։ Նույն օրը նա հացադուլ է սկսել՝ ի նշան դատարանի վճռի դեմ բողոքի։
«Ժողովրդավարություն 1918» շարժման նախագահ Ահմադ Մամեդլին հինգշաբթի OC Media-ին ասել է, որ Մամեդովը խոշտանգումների է ենթարկվել կալանքի տակ գտնվելու ժամանակ:
Սա Մամեդովի երրորդ կալանքն է մեկ տարուց պակաս ժամանակահատվածում՝ ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով: Ակտիվիստը պնդում է, որ անմեղ է և հայտարարում է, որ իշխանությունները թիրախավորում են իրեն աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված իր աշխատանքի համար։
Մամեդլին OC Media-ին ասել է, որ Մամեդովին առևանգել են քաղաքացիական հագուստով ոստիկանները՝ առաքիչների կազմակերպած բողոքի ցույցից վերադառնալիս։
«Նրան բերման ենթարկողները Բաքվի քաղաքային ոստիկանական բաժանմունքի աշխատակիցներ են»,- ասել է Մամեդլին՝ հավելելով, որ իր գործընկերոջը մերժել են փաստաբան տրամադրել, և կալանքի վճիռը կայացվել է առանց փաստաբանի։
Առաքիչները բողոքում էին նոր օրենքի դեմ, որը պարտավորեցնում է նրանց իրենց սկուտերներն ու մոպեդները գրանցելու համար մաքսային հայտարարագիր ներկայացնել։