Իրավիճակն Արցախում վաղուց արդեն անցել է հումանիտար աղետ հասկացողության սահմանն և այսօր Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ականատեսն ենք։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Եթե ձևակերպելու լինենք՝ Արցախը մի մեծ համակենտրոնացման ճամբար է, որտեղ Ադրբեջանն իրականացնում է ցեղասպանություն։ Պատահական չէ, որ օրեր առաջ ես դիմել եմ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք հայցելով։ Հիմա արդեն ունենք նախնական եզրակացություն, որ սա ցեղասպանություն է»,- նշել է նա։
Անդրադառնալով ներկայում առկա ծանր իրավիճակին, Արցախի ախագահն ընդգծել է առողջապահության համակարգում դեղորայքի լուրջ պակասը` մանրամասնելով, որ դեղատներում արդեն կյանքը փրկող դեղատեսակների սղություն կա և շուտով ընդհանրապես չեն լինի․ «Տարբեր քրոնիկ հիվանդությունների բարդացման ու մահվան դեպքերի աճը շարունակվում է։ Օրինակ՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան դեպքերը առաջին կիսամյակում աճել են մոտ երկու անգամ։ Խոցելի են հատկապես հղիները, երեխաները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,որոնց առողջական վիճակը վատթարանում է թերսնուցման, սթրեսների և այլ պատճառներով»։
Խոսելով սննդի և մնացած այլ ապրանքների խնդրից, Հարությունյանը հիշեցրել է, որ օրեր առաջ Արցախը հայտարարել է աղետի գոտի՝ ակնկալելով, որ միջազգային հանրությունը հումանիտար աջակցություն կցուցաբերի, ինչպես աղետի պայմաններում իրականացնում է բոլորի համար։ Հայաստանը առաջինն է արձագանքել այդ հայտարարությանը և հումանիտար բեռով մեքենաների շարասյունը օրեր շարունակ կանգնած է Հակարի կամրջի մոտակայքում, իսկ Ադրբեջանն արգելում է այդ ապրանքների, առաջին անհրաժեշտության սննդամթերքի ներկրումը Արցախի Հանրապետություն։
Արայիկ Հարությունյանի խոսքով` տասնյակ հազար մարդկանց, որոնք զրկվել են եկամտի աղբյուրից, պետք է փոխհատուցում տրամադրվի։ Բացի այդ, շրջափակման հետևանքով քայքայված տնտեսությունը հետագայում վերականգնելու համար տասնամյակներ են պահանջվելու․ «Այսինքն՝ մենք, իրոք, ականատեսն ենք ցեղասպանության և այդ առումով քայլեր պլանավորում ենք»։
Արցախի նախագահի խոսքով՝ Ադրբեջանն ուզում է հրաժարվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից և շարունակել պատերազմը:
«Ադրբեջանը, օգտվելով Ռուսաստանի վիճակից, փորձում էր ստիպել մեզ, այսպես ասած, հրաժարվել այդ (նոյեմբերի 9-ի եռակողմ – խմբ․) հայտարարության կետերի՝ մեզ տրված իրավունքներից և երկխոսության գնալ իրենց առաջարկած օրակարգով։ Դրանից հետո մեր կողմից բազմաթիվ խնդրանքներ, նամակներ են հղվել առաջին հերթին Ռուսաստանի ղեկավարին, Հայաստանի վարչապետին, միջազգային բոլոր դերակատարներին և այն, ինչ այսօր տեղի է ունենում, մենք դրա մասին զգուշացրել ենք մեկ տարի առաջ։ Մենք խոսում էինք, որ Ադրբեջանը սկսել է ցեղասպան քաղաքականություն։ Սա արդեն պատերազմ է, պատերազմի շարունակություն պաշարման միջոցով»,- նշել է նա։
Հարությունյանը կարծում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին պատանդի կարգավիճակում պահելով նպատակ ունի նաև ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների և միջազգային դերակատարների վրա Նախիջևանի հետ կապի առավել արտոնյալ տարբերակ ունենալու համար։
Արցախի նախագահը հաստատել է, որ երրորդ երկրում հանդիպելու առաջարկ է եղել, ինչն Ադրբեջանը մերժել է․ «Արևմուտքի՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի կողմից միասնական ջանք է գործադրվել երրորդ երկրում Բաքու-Ստեփանակերտ հանդիպում կազմակերպելու համար, ինչին արցախյան կողմից եղել է դրական պատասխան՝ հատկապես, որ այն մոտ էր միջազգային ձևաչափին։ Ես չեմ ուզում ասել, որ դա միջազգային ձևաչափով հանդիպման նախապատրաստական աշխատանք էր, բայց ինչ-որ տեղ կարելի էր ընդունել և Ադրբեջանը հրաժարվել է նաև այդ ձևաչափից»։
Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արցախի ապագայի վերաբերյալ ցանկացած որոշում պետք է լինի կոնսեսուսային. «Այսօրվա իմ հարցազրույցի նպատակներից է մեր՝ Արցախի ժողովրդին հայտարարելու, երաշխավորելու, հավաստիացնելու, որ ցանկացած որոշում, որը վերաբերում է Արցախի ապագային, կենսական շահերին, մեր շարժման տրամաբանությանը, ինքնորոշման իրավունքներին, կայացվելու են կոնսեսուսային»։
Նա տեղեկացրել է, որ վերջին օրերին եղել են առաջարկություններ, լայն քննարկումներ են իրականացվել։ Ըստ այդմ, տեղի են ունենում հանդիպումներ քաղաքական ուժերի՝ պառլամենտական, արտախորհրդարանական, քաղաքական դերակատարների, նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախագահներ, պառլամենտի ղեկավարներ, ինչպես նաև գործող ակտիվիստների ու հանրության այն լայն զանգվածի հետ, որ ցանկություն է հայտնում․ «Հիմնականում բոլորի մոտ նույն տեսակետն ու տեսլականն է Արցախի ապագայի առումով։ Ուզում եմ նորից վստահեցնել, որ ցանկացած որոշում պետության, նախագահի կողմից՝ պետք է բխի Արցախի ժողովրդի շահերից, մյուս կողմից էլ պետք է ընկալելի ու ընդունելի լինի մեր ժողովրդի համար»։
Արցախի նախագահ վերահաստատել է, որ իշխանություններն ու ժողովուրդը շարունակելու են ինքնորոշման համար պայքարը․ «Մենք պարտավոր ենք հարգել ժողովրդի պայքարելու այդ ցանկությունը։ Շարունակելու ենք ինքնորոշման համար պայքարը։ Հանուն հայկական Արցախի, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի, մեր նահատակված պապերի, քույր ու եղբայրների հիշատակի ու մեր ապագայի՝ պետք է դիմանանք զրկանքներին: Զրկանքները ժամանակավոր են, անցողիկ: Իհարկե, դրանք հետևանքներ ունենում են, սակայն ես չեմ ուզում, որ մեր գլխավոր նպատակը ստորադասվի»։
2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջին կից, հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։
Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։
Հուլիսի 26-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ հումանիտար օգնություն է ուղարկում Արցախ։ Նախապես հայտարարվել էր, որ հայկական կողմը բեռը կհասցնի Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահներն այն կտեղափոխեն Արցախ։ Օգնությունը տեղափոխող բեռնատար մեքենաները դեռ կանգնած են հայկական անցակետի մոտ։