Արցախում առաջացել է կանխիկ դրամի խնդիր, ներդրվել է բանկային հաշիվներից կանխիկացման սահմանաչափ։ Այդ մասին հայտնում է Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը։
«Քանի որ 2022-ի դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է շրջափակման մեջ, իսկ ընթացիկ տարվա հունիսի 15-ից լրիվությամբ դադարեցված են նաև հումանիտար բեռնափոխադրումները, Արցախում առաջացել է կանխիկ դրամի խնդիր: Արցախի կառավարության որոշմամբ սահմանված սոցիալական աջակցության ծրագրերն իրականացնելու, աշխատավարձերն ու թոշակները վճարելու և կանխիկ դրամաշրջանառության ներքին ընթացքն ապահովելու համար խնդրում ենք բանկային հաշիվներում պահվող դրամական միջոցները կանխիկացնել ըստ անհրաժեշտության (ներդրված է նաև կանխիկացման սահմանաչափ), իսկ ազատ կանխիկ միջոցները պահել բանկային հաշիվներում: Խնդրում ենք աջակցել պետությանը, որպեսզի կարողանանք համատեղ ջանքերով հաղթահարել Արցախի ժողովրդի առաջ ծառացած ծանր մարտահրավերները»,- ասված է հաղորդագրությունում։
2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջին կից, հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։
Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։