Ծոցի երկրներում որոշել են, թե ինչ գին պիտի ունենա բարելը

Պարսից ծոցի երկրների համար, որոնք Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) անդամ են, նավթի ցանկալի գնանշումը 100 $/բարել-ն է:

Պարսից ծոցի նավթ արտահանող երկրների ներկայացուցիչների հայտարարության մեջ ասվում է, որ ինչպես Ծոցի, այնպես էլ տարածաշրջանում ՕՊԵԿ-ի անդամ մյուս երկրներում կարծիք է ձևավորվել, թե նավթի 100 $/բարել գինը կարող է ընդունելի լինել և՛ արտահանողների, և՛ ներկրողների համար:

Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ Նաիմին ավելի վաղ հայտարարել էր, թե նավթի $100/բարել գինը իդեալական տարբերակ է բոլոր կողմերի համար: Խոսքը Brent տեսակի մասին է, որը «սև ոսկու» համաշխարհային գների հիմնական ցուցիչն է։

Ծոցի երկրների նավթարդյունաբերության ոլորտի ղեկավարների կարծիքով՝ էներգակրի 100 $/բարել-ից բարձր գնանշումը չի արտացոլում գլոբալ տնտեսությունում պահանջարկի և առաջարկի հիմնական գործոնները:

ՕՊԵԿ-ի անդամ երկրները՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, արդեն արձագանքել են նավթի մատակարարումներն ավելացնելու մասին ԱՄՆ և մի շարք այլ երկրների կոչին: Նավթի առաջարկի մեծացումն առայժմ թույլ է տալիս փոխհատուցել իրանական նավթի արդյունահանման ծավալների կրճատումը՝ պաշտոնական Թեհրանի նկատմամբ հուլիսի 1-ից գործող նավթային էմբարգոյի պայմաններում: