«Մայր Հայաստան» շարժումը ևս կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

«Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին հայտարարեց շարժման նախաձեռնող խմբի անդամ, Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Նրա խոսքով՝ շարժումը Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում է որպես ամբողջական իշխանափոխության հնարավորություն։

«Մեզ համար անընդունելի է Նիկոլ Փաշինյանի վարած ոչ լեգիտիմ քաղաքականությունը, որը սպառնալիք է Հայաստանի ու Արցախի անվտանգությանը։ Մենք չենք ընդունում Արցախն Ադրբեջանի կազմում և ուզում ենք կանխել Հայաստանի գահավիժումը։ Համոզված եմ, որ անվտանգ և զարգացող երկիր կառուցելու հնարավորություն ունենք»,- տարածած տեսաուղերձում նշում է Թևանյանը։

Երևանի ավագանու հերթական ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 17-ին, իսկ քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ին։

Երևանի ընտրություններին մասնակցելու մասին ավելի վաղ հայտարարել են Տիգրան Ավինյանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն), Մանե Թանդիլյանը («Ապրելու երկիրի» կուսակցություն), Հայկ Մարությանը («Ազգային առաջընթաց» կուսակցություն), Դավիթ Խաժակյանը («Լուսավոր Հայաստան» կուսակցություն), Արտակ Զեյնալյան («Հանրապետություն» կուսակցություն): Քաղաքապետի պաշտոնին հավակնում են նաև «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը։

Մեկնաբանել