Ահմադինեժադի խորհրդականին ազատազրկել են Խամենեիին վիրավորելու համար

Իրանական IRNA պետական լրատվական գործակալության ղեկավար Ալի Աքբար Ջավանֆեքրը, որը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի խորհրդականն է մամուլի հարցերով, դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին վիրավորող նյութի հրապարակման համար, հաղորդում է BBC-ն։

Ջավանֆեքրը ձերբակալվել է այն պահին, երբ Իրանի նախագահը սկսել է ելույթ ունենալ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։

Ջավանֆաքերը համալրեց Մահմուդ Ահմադինեժադի համախոհների շարքերը, որոնք 2011թ․ ապրիլից կալանքի տակ են հայտնվել Իրանի նախագահի և հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեիի քաղաքական թշնամանքի արդյունքում։

Ալի Աքբար Ջավանֆեքրի նկատմամբ գործը հարուցվել էր անցյալ տարվա նոյեմբերին այն բանից հետո, երբ նա իր հոդվածներից մեկում գրել էր, որ մուսուլմանուհիների՝ հիջաբ կրելու պրակտիկան բուն իրանական չէ, այլ փոխառված է։

Դրանից երեք ամիս հետո Ջավանֆեքրը մեղադրվեց այաթոլլահ Խամենեիին վիրավորելու մեջ։

Ի սկզբանե դատարանը նրան դատապարտել էր մեկ տարվա ազատազրկման, սակայն բողոքարկումից հետո պատիժը մեղմվել է մինչև վեց ամսվա ազատազրկման։ Նրան նաև արգելվել է երեք տարի զբաղվել լրագրությամբ։