Դաշնակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։ Այդ մասին հայտարարություն է տարածել կուսակցության Հայաստանի Գերագույն մարմինը։
«Սեպտեմբերի 17-ին նախատեսվող Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, մեր ժողովրդի առջև ծառացած բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում: Այս հանգամանքներով պայմանավորված՝ ի սկզբանե ՀՅԴ մոտեցումը եղել է այն, որ ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններին պետք է մասնակցի մեկ միասնական ցանկով: Քանի որ նախընթաց շրջանում այս ձևաչափը հնարավոր չեղավ կյանքի կոչել, Հ. Յ. Դաշնակցությունը նպատակահարմար չի գտնում Երևանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը»,- ասված է հայտարարությունում։
Առաջադրումներից և գրանցված թեկնածուների ծրագրերի հրապարակումից հետո կուսակցությունը հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ։
***
Երևանի ավագանու հերթական ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 17-ին, իսկ քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ին։
Երևանի ընտրություններին մասնակցելու մասին ավելի վաղ հայտարարել են Տիգրան Ավինյանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն), Մանե Թանդիլյանը («Ապրելու երկիրի» կուսակցություն), Հայկ Մարությանը («Ազգային առաջընթաց» կուսակցություն), Դավիթ Խաժակյանը («Լուսավոր Հայաստան» կուսակցություն), Արտակ Զեյնալյան («Հանրապետություն» կուսակցություն): Քաղաքապետի պաշտոնին հավակնում են նաև «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը։