Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին ներկայացրել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Օգոստոսի 9-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։

Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը:

«Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը, ինչպես նաև ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիակատար ու անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությունը։ Նախարար Միրզոյանն արդրադարձել է նաև հուլիսի 29-ին բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանային ծառայության կողմից առևանգման դեպքին՝ ընդգծելով Ադրբեջանի նման գործելակերպի բացարձակ անընդունելիությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Արարատ Միրզոյանը շեշտել է միջազգային դերակատարների, այդ թվում նաև՝ ԵՄ ու ԵՄ անդամ պետությունների կողմից հստակ քայլեր իրականացնելու կարևորությունը՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերացման և ԼՂ-ում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված քայլերը կանխելու նպատակով։

***

2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջին կից, հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։

Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։

Հուլիսի 26-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ հումանիտար օգնություն է ուղարկում Արցախ։ Նախապես հայտարարվել էր, որ հայկական կողմը բեռը կհասցնի Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահներն այն կտեղափոխեն Արցախ։ Օգնությունը տեղափոխող բեռնատար մեքենաները դեռ կանգնած են հայկական անցակետի մոտ։

Մեկնաբանել