Ջոան Ռոուլինգի նոր վեպը լի է դաժանությամբ ու ոչ նորմատիվ բառապաշարով

Սեպտեմբերի 27-ին Մեծ Բրիտանիայում վաճառքի է դուրս եկել բրիտանացի հայտնի գրող Ջոան Ռոուլինգի «Ազատ տեղ» (Casual Vacancy) վեպը:

«Ազատ տեղը» գրողի առաջին աշխատանքն է, որը նախատեսված է չափահաս ընթերցողի համար: Գիրքը պատմում է անգլիական հորինված քաղաք Փեգֆորդում քաղաքապետի պաշտոնի համար պայքարի և այն ուղեկցող բազմաթիվ կոնֆլիկտների մասին:

Այսօր առավոտյան արդեն մամուլում հայտնվեց Ռոուլինգի նոր ստեղծագործության մասին քննադատների արձագանքը: Լրագրողները գրում են, որ պետք չէ նոր վեպի և Հարի Փոթերի մասին գրքերի միջև ընդհանրություններ փնտրել, բացի այդ՝ նոր գրքում շատ են սեքսի և թմրանյութերի օգտագործման դրվագներն ու ոչ նորմատիվ բառապաշարը:  

The Daily Telegraph պարբերականի գրաքննադատի խոսքով՝ վեպը լի է ծիծաղաշարժ պահերով և ճշգրիտ դիտողություններով, ինչպես նաև դաժանությամբ: Օրինակ՝ դեռատի աղջկան բռնաբարում է թմրաբիզնեսով զբաղվող մեկը, որը, հնարավոր է, աղջկա խորթ եղբայրների հայրն է: Գրախոսության հեղինակի համար առաջնահերթ խնդիր է լինելու թույլ չտալ, որ այս գիրքն ընկնի երեխաների ձեռքը:

Եթե The Daily Telegraph թերթը Ռոուլինգի վեպն անվանել է «անգլիական գյուղում աղքատության և քաղաքականության մասին պատմություն», ապա The Mirror պարբերականն այն անվանել է «Հարի Փոթերն ու կեղտի գավաթը»՝ ենթադրելով, որ Ռոուլինգն ամենայն հավանականությամբ սուր քննադատության կենթարկվի ոչ նորմատիվ բառապաշարի օգտագործման համար:

Մինչդեռ The Independent-ն ընդգծել է դեռահասի կերպարը ճշգրիտ նկարագրելու գրողի վարպետությունը, ինչը դրսևորվել է նաև Հարի Փոթերի մասին գրքերում:

The Times-ը Ռոուլինգի նոր վեպը՝ բոլոր իր արժանիքներով հանդերձ, «փոքր-ինչ ձանձրալի» է անվանել: Նման կարծիք է հայտնել նաև The Guardian-ի քննադատը: Նրա խոսքով՝ գրքի սյուժեն կանխատեսելի է, չնայած՝ աշխատանքն ընդհանուր առմամբ վատը չէ:

Ինտերնետ-խանութներում Ջոան Ռոուլինգի «Ազատ տեղը» կարելի է գնել 17 դոլարով՝ էլեկտրոնային տարբերակը և 21 դոլարով՝ պինդ կազմով հրատարակությունը: Գրքի ռուսերեն տարբերակը լույս կտեսնի մինչև տարեվերջ:

Ջոան Ռոուլինգը մեծ հռչակ է ձեռք բերել որպես մոգ Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակ: Վերջին գիրքը՝ «Հարի Փոթերն ու մահվան ընծաները», լույս է տեսել 2007թ.: Մեկ տարի անց Ռոուլինգը հրատարակել է Հարի Փոթերի մասին սերիայի հավելված՝ «Բիդլ բարդի հեքիաթները» խորագրով: