Կառավարությունն այս տարի 7,1% տնտեսական աճ է ակնկալում

Կառավարությունում գտնում են, որ այս տարի տնտեսական աճը Հայաստանում կլինի կանխատեսվածից 1,7 անգամ ավելի։ 2012թ. բյուջեի հիմքում դրված է տնտեսական աճի 4,2% ցուցանիշը, 2013թ. բյուջեի նախագծում նշվում է, որ այս տարի սպասվում է 7,1% տնտեսական աճ։ 2013թ. համար կառավարությունը ծրագրում է ՀՆԱ-ի 6,2% աճ։

Միջազգային ֆինանսական կառույցների ցուցանիշներն ավելի համեստ են։ Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար այս տարի կանխատեսել է 3,8% տնտեսական աճ, 2013թ. համար՝ 4%։ Համաշխարհային բանկն այս տարի Հայաստանում ակնկալում է 4% տնտեսական աճ։

Ուշագրավ է, որ թեև ընթացիկ տարում շինարարությունում պահպանվել է անկման միտումը (ութ ամիսների կտրվածքով անկումը կազմել է 4,1%), կառավարությունը գտնում է, որ տարվա կտրվածքով ոլորտում կարձանագրվի 2,2%-ի աճ։