Ալավերդի համայնքում միջկուսակցական խմորումներ են։ 2022-ի սեպտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին ավագանու հավասար՝ 13 մանդատ էին ստացել «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) և «Ապրելու երկիր» կուսակցությունները՝ չհաղթահարելով 50 տոկոսի շեմը: «Ապրելու երկիր» կուսակցությունը կոալիցիա կազմեց ընդամենը մեկ մանդատ ստացած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (ՀԱԿ) հետ, և ավագանին քաղաքապետ ընտրեց «Ապրելու երկրի» անդամ Արկադի Թամազյանին, իսկ փոխքաղաքապետ՝ ՀԱԿ-ի ներկայացուցչին։ Ընտրությունից հետո ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար դարձավ նախկին հանրապետական, Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը: Ընտրությունից մեկ տարից անց ՔՊ-ն դեռ չի համակերպվել ընտրությունը տանուլ տալուն։
ՔՊ-ն ինտրիգային իրավիճակում է պահում համայնքապետարանը
Ալավերդու քաղաքապետ Արկադի Թամազյանն ասում է, որ շուրջ տասը ամիս է՝ ՔՊ-ն ինտրիգային իրավիճակում է պահում համայնքապետարանը․ «Փորձեցին խմբակցությունից ավագանու անդամներ գողանալ: Նրանց հետ որևէ համագործակցություն չի ստացվում: Փորձում են ամեն գնով խոչընդոտել Ալավերդի համայնքի զարգացումը»:
Արկադի Թամազյանը։ Լուսանկարը՝ Լարիսա Փարեմուզյանի։
Օրեր առաջ ավագանու անդամ Սիմոն Զախարովը լքել է «Ապրելու երկիր» խմբակցությունը և դարձել «անկախ» անդամ: Ավագանու ՔՊ խմբակցության քարտուղար Հարություն Ձավարյանն ասում է՝ Զախարովի հետ քաղաքական որևէ առևտուր չի եղել: Ձավարյանը տեսականորեն անհնար չի համարում «Ապրելու երկիր» խմբակցության հետ ՔՊ-ի համագործակցությունը, սակայն վերապահումով՝ առաջարկությունը պետք է անի համայնքապետ Արկադի Թամազյանը, իսկ իրենք այն կքննարկեն:
Հարություն Ձավարյանը։ Լուսանկարը՝ Լարիսա Փարեմուզյանի։
«Համայնքապետի դեմ քրեական գործ հարուցելու նյութեր են որոնում»
«Ապրելու երկրում» պնդում են, որ համայնքապետի դեմ քրեական գործ հարուցելու նյութեր են որոնում։ Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը մայիսի 30-ի գրությամբ Արկադի Թամազյանին տեղեկացրել է հունիսի 6-ից Ալավերդի համայնքի ՏԻՄ մարմինների լիազորությունների ոլորտում իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնելու մասին: Մարզպետ Արամ Խաչատրյանի մայիսի 25-ի որոշմամբ ստեղծվել է մարզպետարանի 39 աշխատողներից կազմված հանձնաժողով: Այն պահանջել է խոշորացված համայնքի մեջ մտնող նախկին համայնքների աճուրդների, մրցույթների, սուբվենցիաների փաստաթղթերը:
«Մենք պատրաստակամորեն փաստաթղթերը ներկայացրինք հաձնաժողովին: Նկատեցինք, որ հանձնաժողովը ուսումնասիրում է միայն Արկադի Թամազյանի՝ Ախթալա համայնքի ղեկավար աշխատած տարիների և Ալավերդու համայնքապետարանի վերջին ամիսների փաստաթղթերը [Ախթալան խոշորացվելուց հետո միացել է Ալավերդի համայնքին – խմբ․]: Տեսանք նաև, որ պարոն Թամազյանի վրա քրեական հանցագործության նյութեր են որոնում: Իմ կարծիքով՝ այդ ուսումնասիրությունը զուտ քաղաքական բնույթ էր կրում»,- ասում է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հարություն Գալստյանը:
Մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը օրեր առաջ՝ առանց հանձնաժողովի ստուգման արդյունքների արձանագրության, Արկադի Թամազյանին ստորագրելու է ներկայացրել ստուգումների ամփոփիչ արձանագրությունը: Թամազյանը չի ստորագրել այն:
Շնողի 2022-ի սուբվենցիոն ծրագրերը ձախողվել են
2016-2022 թվականներին Շնողի համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, որը ներկայում Ալավերդի համայնքի ՔՊ խմբակցության ղեկավարն է, իր նախորդ պաշտոնում սուբվենցիոն ծրագրերի հինգ հայտ է ներկայացրել Լոռու մարզպետարան: Շնողը համայնքների խոշորացման արդյունքում Ալավերդի համայնքին է միացել 2022-ի սեպտեմբերին։
Ծրագրերը չեն իրականացվել, պարտքը մնացել է խոշորացված Ալավերդի համայնքի ուսերին։
Ներկայացրած ծրագրերին Շնող համայնքի մասնակցային գումարը կազմել է 287 մլն դրամ, որից 140 մլն դրամն է արտացոլված Ալավերդի համայնքի մեջ գտնվող Շնողի բյուջեում: «Այո՛, ես 2022-ին Թեղուտ ՓԲԸ-ի հետ 287 մլն դրամ համայնքի մասնակցային գումարով ծրագիր չեմ ունեցել, ունեցել եմ 140 մլն դրամի: Մյուս 140 մլն դրամի պայմանագիրը չենք ունեցել, որովհետև պատերազմը սկսվեց, և Թեղուտ ՓԲԸ-ն դադարեցրեց իր աշխատանքները»,- ասում է Ղումաշյանը:
«Ասֆալտապատման աշխատանքները կիսատ թողած՝ լրացուցիչ 191 մլն դրամ պարտք է թողել մեզ»,- հակադարձում է Արկադի Թամազյանը:
Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով պատժամիջոցների տակ է հայտնվել ՎՏԲ բանկը, որի սեփականությունն է Թեղուտի հանքավայրը շահագործող Թեղուտ ՓԲԸ-ն։ Այն 2022-ի մարտից դադարեցրել է արդյունահանման աշխատանքները և Շնող համայնքին 2022-ին չի կարողացել փոխանցել պայմանագրային 140 մլն դրամը:
Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն անցած դեկտեմբերին՝ 2023-ի բյուջեի քննարկումների ժամանակ, հայտարարել է, որ Շնողի 2022-ի սուբվենցիոն ծրագրերի ձախողման պատճառով համայնքի բյուջեն 2023-ին կունենա 287 մլն դրամ պակասուրդ: Ավագանու ՔՊ խմբակցությունը նիստին հայտարարել է, թե որպես իրավահաջորդ՝ 287 մլն դրամը պետք է վճարվի Ալավերդի խոշորացված համայնքի բյուջեից: ՔՊ խմբակցությունը պնդում է, որ Ալավերդի համայնքի բյուջեից պետք է վճարել նաև Ղումաշյանի նշած 140 մլն դրամով կատարված աշխատանքների համար:
Ալավերդու ավագանու նիստ։ Լուսանկարը՝ Լարիսա Փարեմուզյանի։
Ղումաշյանը, սակայն, բյուջեում չի ներկայացնում Թեղուտ ՓԲԸ-ի՝ 2020, 2021 թվականներին Շնող համայնքին փոխանցված պայմանագրային գումարի 280 մլն դրամի ծախսերը։
Բյուջեում արտացոլված չէ նաև Թեղուտ ՓԲԸ-ի կողմից Շնող համայնքին 2021-ին փոխանցված 140 մլն դրամ պայմանագրային վճարների անվանական ծախսերը, այն դեպքում, երբ Ղումաշյանի նախորդ տարիների տարեկան բյուջետային հաշվետվություններում դա նշվում էր:
Շնողի հաշվապահական փաստաթղթերում համայնքի բյուջեին փոխանցվող տարեկան պայմանագրային վճարները հնարավոր չէ թաքցնել, քանի որ դրանք փոխանցվում են ընկերության կողմից: Ծախսերը հաշվապահական փաստաթղթերում ներկայացվում են որպես ֆոնդային բյուջեի ծախսեր: Իսկ ֆոնդային բյուջե մուտքագրվում են նաև պետբյուջեի սուբվենցիաները, հողի և հիմնական միջոցների օտարման գումարները և այլն:
Ներկայում դժվար է պարզել, թե որտեղ են իրականում ծախսվել Թեղուտ ՓԲԸ-ի պայմանագրային վճարները:
Թեղուտ ՓԲԸ-ի տնօրենի պարզաբանումները
Թեղուտ ՓԲԸ-ն Շնող խոշորացված համայնքի հետ համագործակցել է 2018-ի օգոստոսից։ [Շնողը որպես համայնք խոշորացվել էր նախքան 2022-ի սեպտեմբերին ավելի խոշոր Ալավերդի համայնքին միանալը]։
Թեղուտ ՓԲԸ-ն պարտավորվել էր լեռնահարստացման կոմբինատի գործարկումից հետո 2020-ից սկսած՝ տարեկան 140 մլն դրամ հատկացնել Շնող համայնքին՝ սոցիալական, բնապահպանական, զբաղվածության և այլ խնդիրների լուծման համար:
Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն ՍիվիլՆեթի հարցմանը գրավոր պատասխանում նշում է, որ իրենք կատարել են պարտավորությունները, և հերքում է Դավիթ Ղումաշյանի պնդումը է, որ Թեղուտ ՓԲԸ-ն խոստացել էր լրացուցիչ 140 մլն դրամ հատկացնել:
«Ես այդ հարցի շուրջ բանակցությունների չեմ մասնակցել, որևէ գրավոր կամ բանավոր հանձնարարական սեփականատիրոջից չեմ ստացել»,- պարզաբանում է Նալիվայկոն: Նա նաև նշում է, որ ընկերությունը ՎՏԲ-ի նկատմամբ պատժամիջոցների պատճառով 2022-ին չի կարողացել Շնող համայնքին փոխանցել նախատեսված պայմանագրային 140 մլն դրամը, դրա 14 տոկոսը պարտք է մնացել Ալավերդի խոշորացված համայնքի բյուջեին:
Ղումաշյանը համայնքապետի պաշտոնից հեռանալիս 2022-ի հոկտեմբերի 4-ին սեփական կարգադրությամբ իր աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու համար ինքն իրեն պարգևատրել է 250 հազար դրամով: Նա Շնողի համայնքապետ էր ընտրվել 2016-ին՝ ՀՀԿ-ի կողմից, որին և անդամակցել էր այդ տարում։
Օրերս Դավիթ Ղումաշյանը նշանակվել է Թեղուտ ՓԲԸ֊ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի խորհրդական։ Կան պնդումներ, որ այդ պաշտոնում Ղումաշյանի նշանակումը պարտադրվել է ՔՊ֊ի վերադաս մարմինների կողմից։
Լարիսա Փարեմուզյան, Ալավերդի