«Բազազն» այլևս փոխոստիկանապետ չէ

Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքում գրառում է կատարել իր հրաժարականի մասին:

«Ցնծացեք, ցնծացեք որոշակի շրջանակներ, վայելեք հաճույքը… Կատարվեց շատ-շատերի երազանքը, ես այսուհետ նախկին ոստիկան եմ… Հպարտ եմ, որ աշխատել եմ ՆԳ և ոստիկանական համակարգերում, աշխատել եմ տարբեր պաշտոնների, բավականին լարված, բարդ, հակասական, վճռորոշ ժամանակաշրջանում՝ խորհրդային տարիներից առ այսօր: Համակարգում ինչ պաշտոն էլ, որ վարել եմ, աշխատել եմ նվիրումով, պատասխանատվությամբ, նկատվել, առանձնացել ընդհանուրից իմ աշխատանքային պարտականությունների կատարմանը ստեղծագործաբար, պրոֆեսիոնալ և լրջագույն մոտեցում ցուցաբերելու ունակությամբ: Համակարգի հազարավոր աշխատակիցներից առանձնացել եմ նաև ժողովրդի հետ անմիջական շփման, իմ նախաձեռնությամբ «ՖԲ»-ում ձեզ հետ բարեկամանալու, համագործակցելու, ինչու չէ ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդմանը մի փոքր լումա ներդնելու գործում:

Ժողովուրդ, գիտե՞ք ինչն էր ինձ համար ամենամեծ գնահատականը, այն որ դուք ինձ չէիք դիմում որպես Երևանի փոխոստիկանապետի, ես ձեզ համար փոխոստիկանապետ էի, որին հղում էիք առաջարկներ, խնդիրներ, հղում հարցեր հենց ողջ ոստիկանական համակարգի վերաբերյալ:

Շնորհակալ եմ ու չեմ ուզում համեստություն անել, դուք իմ կարծիքով ճիշտ էիք գնահատել իմ արժանիքները եվ ակամա ինձ բարձր պաշտոն էիք տվել և որը իմ կարծիքով ես հաջողությամբ կատարեցի… Ինչևէ, ես այլևս ոստիկան չեմ, բայց ոստիկանությունը եղել է իմ կյանքը, իմ անցած երկարամյա ուղին և միշտ կմնա ինձ հարազատ… Դեռ կյանքը ցույց կտա ոստիկանությու՞նը կորցրեց ինչ-որ բան իմ հեռանալով, թե՞ ես այլ աշխատանքի անցնելով… Ինձ թվում է երկուստեք կորցրեցինք շատ-շատ բան… Հարգելի «ՖԲ»-ներ մնում եմ ձեր բարեկամը, ես ձեզ սիրում և հարգում եմ: Նույնիսկ նրանց, որոնց թիրախում եմ գտնվել մշտապես, գուցե որոշ դեպքերում նաև տեղին… Աստված ձեզ հետ»:

Մեկնաբանել