Կալիֆոռնիայում ցուցարար ուսանողները $1 մլն-ի փոխհատուցում կստանան

Ամերիկյան Դևիս քաղաքի Կալիֆոռնիայի համալսարանը համաձայնել է մինչդատական կարգով $1 մլն-ի փոխհատուցում վճարել ցուցարարներին, որոնց դեմ պղպեղային գազ է կիրառվել անցյալ տարի բուհի տարածքում Occupy շարժման իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ, հաղորդում է AP-ն։

Համալսարանի ղեկավարությունը համաձայնել է $30 հազ․ վճարել կոլեկտիվ հայցի 21 մասնակիցներից յուրաքանչյուրին և $250 հազ․՝ նրանց փաստաբաններին։ Բացի այդ՝ համալսարանի ռեկտոր Լինդա Կաթեհին հրապարակավ ներողություն է խնդրել ցույցի մասնակիցներից։

Համալսարանը նաև պարտավորվել է $100 հազ-ի փոխհատուցում վճարել նրանց, ովքեր կկարողանան ապացուցել, որ ցույցի ընթացքում ապօրինի ձերբակալվել են կամ տուժել պղպեղային գազի ազդեցությունից։

Ցույցը տեղի էր ունեցել ուսանողական ճամբարում՝ ի աջակցություն «Գրավի՛ր Ուոլ սթրիթը» շարժման։